Ռոնալդուին պաշտոնական նամակով հրավիրել են Թուրքիա


Ռոնալդուին պաշտոնական նամակով հրավիրել են Թուրքիա
Հուլիս 28 21:12 2017

Թուրքական «Բարօրություն» կուսակցության նախագահ Թեմել Քարամոլլաօղլուն պաշտոնական նամակով Ստամբուլ է հրավիրել Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին՝ Թուրքիայում հաջակցություն Պաղեստինի կազմակերպվելիք լայնամասշտաբ հանրահավաքին մասնակցելու նպատակով։

Ինչպես գրում է թուրքական t24.com.tr կայքը, Պաղեստինի ու պաղեստինցիների նկատմամբ իր ուշադրությամբ ու դրական վերաբերմունքով աչքի ընկնող Ռոնալդուն, ով հաճախ է բարեգործական ակցիաների շրջանակներում գումարներ հատկացրել հատկապես պաղեստինցի երեխաների պաշտպանության նպատակով, հրավիրվել է Ստամբուլի Յենիքափը շրջանում կայանալիք և «Մեծ Երուսաղեմ» անվանումը կրող հակաիսրայելական ցույցին, որի նախաձեռնողը Թուրքիայի իշխանություններն են։

«Բարօրություն» կուսակցության նախագահը հատուկ նամակում նշել է, որ ֆուտբոլիստի մասնակցությունը կարող է հույս ներշնչել իրենց «պաղեստինցի եղբայրներին»։

Նշենք, որ Երուսաղեմում իրադրությունը շարունակում է մնալ լարված: Իսրայելի իշխանությունների կողմից սահմանած անվտանգության նոր նորմերը դարձել էին տեղի մահմեդական համայնքի դժգոհության պատճառ: Բողոքի ակցիաների ընթացքում մահացել էին պաղեստինցիներ, վիրավորվել տասնյակ մարդիկ:

Ավելի վաղ երեք իսրայելցի արաբ գրոհայինների հարձակման հետևանքով մահացել էին երկու իսրայելցի ոստիկաններ, ինչն էլ դարձել էր իշխանությունների կողմից անվտանգության նորմերը խստացնելու դրդապատճառ: