Վարկ վերցնելու նպատակով «Տաշիր Կապիտալը» մտադիր է գրավադնել ՀԷՑ-ի 69,9 տոկոսը


Վարկ վերցնելու նպատակով «Տաշիր Կապիտալը» մտադիր է գրավադնել ՀԷՑ-ի 69,9 տոկոսը
Հուլիս 26 12:44 2017

«Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ն գրությամբ դիմել է ՀՀ կառավարություն եւ խնդրել է Հայաստանի Հանրապետության կառավարության գրավոր համաձայնությունը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից եւ Ասիական զարգացման բանկից վարկային միջոցներ ներգրավելու նպատակով, որպես ապահովման միջոց սեփականության իրավունքով «Տաշիր Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի 69,9999594 տոկոսը կազմող՝ 172496 հատ սովորական բաժնետոմսերի գրավադրման համար։

Այս հարցը ներառված է կառավարության հուլիսի 27-ին կայանալիք նիստի օրակարգում:

ՀՀ կառավարության որոշման նախագծի հավելվածով կհաստատվի ՀԷՑ-ի բաժնետոմսերի գրավադրման պայմանների համաձայությունը եւ կհանձնարարվի ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարին՝ ստորագրել համաձայնությունը:

Համաձայնության ուժի մեջ կմտնի եւ վավերական կդառնա միայն՝ եթե ՎԶԵԲ-ի եւ ԱԶԲ-ի հետ կնքվելիք՝ ՀԷՑ-ի բաժնետոմսերի գրավի պայմանագրերի համաձայն գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու կարգում ներառվեն պայմաններ, որոնցով կբացառվի բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը առանց ՀՀ կառավարության եւ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գրավոր համաձայնությունների: