ՄԻՊ-ը՝ Գևորգ Սաֆարյանին պատժախուց տեղափոխելու մասին


ՄԻՊ-ը՝ Գևորգ Սաֆարյանին պատժախուց տեղափոխելու մասին
Հուլիս 24 10:44 2017

Գևորգ Սաֆարյանին պատժախուց տեղափոխելու վերաբերյալ հրապարակումների հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում անմիջապես սկսվել է քննարկման ընթացակարգ՝ սեփական նախաձեռնությամբ: Այս մասին պատշաճ կարգով տեղեկացվել են թե՛ Գևորգ Սաֆարյանը, թե՛ նրա փաստաբանը: Այս մասին հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը։

Քննարկում սկսելուց հետո, ինչպես նաև դրանից առաջ պարբերաբար տեղի են ունեցել չհայտարարված այցեր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Այցերի ընթացքում տեղի են ունեցել առանձնազրույցներ Գ. Սաֆարյանի հետ, ուսումնասիրվել են նրա վերաբերյալ փաստաթղթերը: Վերջին այցը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ հուլիսի 22-ին: Այս պահին Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները նույնպես գտնվում են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:

Գ. Սաֆարյանի անվտանգության ապահովման վերաբերյալ նրա բոլոր պնդումներն ու մտավախությունները պետք է դառնան մանրամասն քննարկման առարկա և հաշվի առնվեն քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից: Տեղաբաշխման հարցը լուծելիս պետք է պատշաճ կերպով հաշվի առնվի նաև համատեղելիության հարցը: Բարձրացված է նաև նրա պահման պայմանների հարցը:

Ուստի, նախաձեռնված քննարկման շրջանակներում Գ. Սաֆարյանի նկատմամբ կիրառված տույժերի իրավաչափության, դրանց կիրառության իրավական հիմքերի, պատժախցում պահվելու ժամկետը լրանալուց հետո տեղաբաշխելիս խցում պահվող այլ անձանց նրա հետ համատեղելիության և անվտանգության ապահովման հարցերի առնչությամբ համապատասխան գրություն է հասցեագրվել ՀՀ արդարադատության նախարարություն:

Գևորգ Սաֆարյանի գործով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը օրենքով վերապահված իրավական հնարավորությունների շրջանակում ձեռնարկում է առավելագույն միջոցներ:



loading...