«Փաստ». Լեւոն Հայրապետյանի դեմ ցուցմունք տված, ցմահ դատապարտված սենատորին կարող են ներել, իսկ Հայրապետյանի՞ն


«Փաստ». Լեւոն Հայրապետյանի դեմ ցուցմունք տված, ցմահ դատապարտված սենատորին կարող են ներել, իսկ Հայրապետյանի՞ն
Հուլիս 22 09:18 2017

«Փաստ» թերթը գրում է. Ռուսական արդարադատությունն «անխոցելի» է: Պատվիրված սպանությունների, ահաբեկչության կազմակերպման, հարկերից խուսափելու եւ այլ ծանր հանցանքների համար ցմահ ազատազրկման դատապարտվածին կարող են ներել, իսկ ահա խիստ կասկածելի եւ մինչ օրս չապացուցված փաստերի հիման վրա 4 տարվա ազատազրկման դատապարտված մարդուն, ով կյանքի հետ անհամատեղելի հիվանդությունների մի ամբողջ փունջ ունի, շարունակել պահել բանտում՝ անմարդկային պայմաններում:

Առաջին դեպքում խոսքը Բաշկիրիայից նախկին սենատոր Իգոր Իզմեստեւի մասին է: Իսկ երկրորդ դեպքում՝ հայտնի գործարար, բարեգործ Լեւոն Հայրապետյանի:

Ավելին, Հայրապետյանին դատապարտել են հենց Իզմեստեւի եւ նրա մոր ցուցմունքների հիման վրա: Իզմեստեւի մայրը ցուցմունք էր տվել, թե իբր Հայրապետյանն իրենից 700000 դոլար կաշառք է կորզել՝ որդու դատավճիռը մեղմելու նպատակով: Մինչս օրս այդ ցուցմունքները որեւէ կերպ չեն հիմնավորվել եւ չեն ապացուցվել:

Իսկ արդեն որդին 2014–ին ցուցմունք էր տվել «Башнефть»–ի նախկին ղեկավար Ուրալ Ռախիմովի դեմ եւ նշել, որ Լ. Հայրապետյանն էլ է մասնակցել Ռախիմովի կողմից՝ «Башнефть»–ը «Система» ԲՖԿ–ին վաճառելու գործին: Այդ ցուցմունքի հիման վրա Հայրապետյանի ձերբակալությունը երկարացվել էր:

Նույն գործով անցնող «Система»–ի ղեկավար Եվտուշենկովի նկատմամբ հարուցված գործը կարճվել է, իսկ Ռախիմովի հանդեպ հայտարարվել է միջազգային հետախուզում, բայց Ավստրիայի դատական իշխանությունները մի քանի անգամ մերժել են ռուսական կողմի՝ Ռախիմովին արտահանձնելու պահանջը՝ հարուցված քրեական գործում քաղաքական դրդապատճառներ տեսնելու պատճառաբանությամբ:

Իսկ որ ՌԴ նախագահը պատրաստ է Իզմեստեւին ներում շնորհել, հայտնի է դարձել երկու օր առաջ: Նախկին սենատորին ներում շնորհելու խնդրանքով Պուտինին դիմել է Մոսկվայի Հելսինկյան խմբի ղեկավար, իրավապաշտպան Լյուդմիլա Ալեքսեեւան: Նրա 90–ամյակի առթիվ Պուտինն անձամբ է հյուրընկալվել իրավապաշտպանի տանը: Այդ ժամանակ էլ Լ. Ալեքսեեւան Պուտինից ներում էր խնդրել Իզմեստեւի համար. «Ես ասացի՝ դա նվեր չէ, խնդրանք է: Բարի գործ արեք՝ ներում շնորհեք Իզմեստեւին: Ներում շնորհելը արդարադատություն իրականացնելու ակտ չէ, այն գթասրտության ակտ է»,– ավելի ուշ պատմել է իրավապաշտպանը: Պուտինն էլ դրական է պատասխանել: Այս լուրը հաստատել են նաեւ Կրեմլում: «Նախագահն ասել է, որ դա հնարավոր է, բայց ժամանակ է հարկավոր»,– նշել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Իսկ ահա հայ գործարարին ներում շնորհելու, ավելին, նույնիսկ առկա հիվանդությունների պատճառով դատավճիռը մեղմելու բոլոր փորձերը մերժվել են: Ժամանակին Հայրապետյանի գործն ուսումնասիրելու եւ այն օրենքի շրջանակներում լուծելու խնդրանքով Պուտինին դիմել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Սակայն Պուտինի պատասխանն անսպասելի եւ շատ խոսուն էր եղել՝ իսկ ո՞վ է այդ Հայրապետյանը: Իսկ թե Հայրապետյանն ով էր, Պուտինը դժվար թե չիմանար: Ռուսական բիզնես միջավայրում, ռուսական քաղաքական ու բիզնես էլիտայի հետ իր կապերով Հայրապետյանն ամենեւին էլ վերջին մարդը չէր:

Այնպես որ, ցավոք սրտի, մինչ օրս ակտուալ է մնում Սիամանթոյի խոսքը՝ ով մարդկային արդարություն, թող որ թքեմ քո ճակատին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



loading...