«Ժողովուրդ». Պետական մարմիններին բենզին մատակարարող «Սիթի Պետրոլ գրուպ»-ը լուծարվում է


«Ժողովուրդ». Պետական մարմիններին բենզին մատակարարող «Սիթի Պետրոլ գրուպ»-ը լուծարվում է
Հուլիս 21 10:44 2017

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները՝ բենզինի և դիզվառելիքի խոշոր ներկրող ու վաճառող «Սիթի Պետրոլ գրուպ» ընկերությունը գտնվում է լուծարման գործընթացում: Տեղեկությունները ճշտելու համար դի­մեցինք «Սիթի Պետրոլ գրուպ» ընկերություն, որտեղից հաստատեցին փաստը: Ընկերության հաշվապահը «ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ պատճառը ֆինանսական խնդիրներն են եղել:

Նշենք, որ «Սիթի Պետրոլ գրուպ» ընկերությունը ժամանակին բենզինի շուկայում գերիշխող դիրք է զբաղեցրել, որի չարաշահման համար նույնիսկ 2012 թվականին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից 100 մլն դրամի չափով տուգանվել է:

Ըստ որոշ տեղեկությունների՝ հենց ՏՄՊՊՀ-ի 100 մլն դրամ տուգանքն էլ դարձել է ընկերության սնանկացման, ապա լուծարման պատճառ:

Հիշեցնենք, որ 2008թ. ստեղծված «Սիթի Պետրոլ գրուպ» ընկերությունը տևական ժամանակ նույնիսկ եղել է Հայաստանի խոշոր հարկատուների առաջին տասնյա­կում: Ընկերության հիմնադիրը Աշոտ Սալազարյանն էր. շատերին անծանոթ անուն, բայց նրանց հաջողվում էր մր­ցույթի միջոցով դառնալ պետական մարմինների բենզինի մատակարար: Հիմա սնանկացավ»:

 

Առավել մանրամասն՝ կարդացեք թերթի այսօրվա համարում: