«ՀԺ». Սերժ Սարգսյանը ներո՞ւմ է շնորհել Վազգեն Խաչիկյանին


«ՀԺ». Սերժ Սարգսյանը ներո՞ւմ է շնորհել Վազգեն Խաչիկյանին
Հուլիս 19 08:45 2017

«ՀԺ»-ի տեղեկություններով, Սերժ Սարգսյանը ներում է շնորհել Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ, «Վանաձոր» ՔԿՀ-ում իր պատիժը կրող Վազգեն Խաչիկյանին: Ըստ այդ տեղեկությունների՝ նա առաջիկայում կլինի ազատության մեջ: 13 տարվա ազատազրկման դատապարտված Խաչիկյանը ներման խնդրագրով դիմել էր դեռեւս 2016 թվականին:

Նրան ներում շնորհելու տեղեկությունները ճշտելու համար օրեր առաջ հարցում էինք ուղարկել ՀՀ նախագահի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն: Գրավոր հարցման մեջ մասնավորապես նշել էինք, թե արդյոք Խաչիկյանի դիմե՞լ է ներման խնդրանքով, եւ ներում շնորհվե՞լ է, թե ոչ: Մեր գրավոր հարցմանը այսօր նախագահականից պատասխանել են, թե դատապարտյալների ներման խնդրագրի վերաբերյալ Սարգսյանի հրամանագրերն անհատական իրավական ակտեր են եւ ենթակա չեն պարտադիր հրապարակման:

«Դրանք պարունակում են անձնական կյանքի վերաբերյալ տեղեկություններ եւ տվյալներ, որոնք, համաձայն 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 34 հոդվածի 1-ին մասի, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի, ենթակա են պաշտպանության եւ չի կարելի դրանք օգտագործել կամ տարածել՝ առանց տվյալ անձանց համաձայնության, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Հրամանագրի վերաբերյալ պատշաճ կարգով իրազեկում են ներման խնդրագրերով դիմված դատապարտյալները, ինչպես նաեւ միջնորդություններով հանդես եկած անձինք»,- ասվում է գրավոր հարցման պատասխանի մեջ:

Նախագահականից նաեւ հետաքրքրվել էինք, թե վերջին երեք ամիսների ընթացքում Սերժ Սարգսյանը քանի՞ դատապարտյալի է ներում շնորհել եւ քանիսին՝ մերժել: Ի պատասխան, նախագահականից հայտնել են, որ Սարգսյանի հրամանագրով ներում է շնորհվել 11 դատապարտյալի, մերժվել է 91 դատապարտյալի ներման խնդրագիր:

Թե ովքեր են «ներված» դատապարտյալները եւ արդյոք 11-ի մեջ Վազգեն Խաչիկյանը մտնում է, թե ոչ, այդպես էլ չեն պատասխանել:

Մեր հարցին չպատասխանեց նաեւ Խաչիկյանի կինը` Լիլիթ Ասատրյանը, նա դեռ մեր հարցը չլսած, ասաց՝ «չեմ մեկնաբանում» եւ անջատեց խոսափողը:

Հիշեցնենք, որ 2014 թվականի դեկտեմբերին Վազգեն Խաչիկյանը դատապարտվեց 12 տարվա ազատազրկման: Նա կալանավորվել է 2012 թվականին: Դատարանի վճռով Խաչիկյանը մեղավոր է ճանաչվել կազմակերպված խմբով յուրացման եղանակով 211.680.984 ՀՀ դրամ եւ խարդախությամբ 29 միլիոն դրամ գումար հափշտակելու, ինչպես նաեւ պաշտոնեական կեղծիք կատարելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում