«Առավոտ». ԵՏՄ-ում ինտեգրացիան չի բխում Ռուսաստանի շահերից. Կրեմլի կայսերական «կայֆերը» երկար չեն տեւի


«Առավոտ». ԵՏՄ-ում ինտեգրացիան չի բխում Ռուսաստանի շահերից. Կրեմլի կայսերական «կայֆերը» երկար չեն տեւի
Հուլիս 18 11:11 2017

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Ռուսաստանը որոշեց Բելառուսի, Ղրղըզստանի, Ղազախստանի քաղաքացիներին թույլ տալ իր երկրում վարորդ աշխատել այդ պետությունների վարորդական իրավունքներով, բայց Հայաստանի քաղաքացիներին՝ ոչ: Բացատրությունը բավականին հետաքրքիր է՝ հիշյալ երկրներում ռուսերենը երկրորդ պետական լեզու է, իսկ Հայաստանում ռուսերենը նման կարգավիճակ չունի: Հավանաբար, ռուսաց լեզվի պետական կարգավիճակը բարելավում է վարորդների մասնագիտական հմտությունները, եւ նրանք այլեւս Ռուսաստանում վարորդական քննություն հանձնելու անհրաժեշտություն չունեն: Կամ էլ՝ Ղրղըզստանի քաղաքացիներն ավելի լավ են տիրապետում ռուսաց լեզվին, քան մենք՝ հայաստանցիներս:

Մի խոսքով՝ փոխեք ձեր Սահմանադրությունը, դարձրեք ռուսերենը պետական լեզու, եւ ձեր վարորդները կկարողանան աշխատել մեր երկրում` ասում են նրանք մեզ: Պայմանն, իհարկե, մեղմ ասած, օրիգինալ է: Բայց ես չեմ պատրաստվում այստեղ երկար քննարկել Ռուսաստանի քաղաքականությունը՝ իրենց այդպես է ձեռնտու, թող անեն: Մեզ էլ ձեռնտու չէ մեր Սահմանադրությունը փոխել, ինչպես նաեւ հայերեն կիրիլացայով գրելը:

Բայց ինձ տարակուսանք է պատճառում մեր հասարակության էմոցիոնալ արձագանքը՝ բա էլ ինչ դաշնակից, մեզ նվաստացրին, մեզ արհամարհեցին, եւս մի շառաչուն ապտակ եւ այլն: Ճիշտն ասած, այս համատեքստում ինձ հակառակն է թվում՝ քանի որ մեզ այդ ձեւով առանձնացրել են, դա խոսում է մեր առանձնահատկության մասին:

Ամեն առիթով կատաստրոֆիկ գնահատականներ տալը հատուկ է մեր հասարակական մտքին: Կարծես թե ժամանակն է ավելի սառը եւ գործնական լինել: Մեր վարորդների համար անհարմարություննե՞ր են ստեղծվում: Հայաստանի համապատասխան մարմինները պետք է բանակցեն, որ այդ խնդիրները հաղթահարվեն: Չե՞ն կարող բանակցել, նրանց կարծիքը հաշվի չե՞ն առնում՝ պետք է արձանագրել. մեր այսինչ չինովնիկը դիմել է իրենց այնինչ չինովնիկին եւ ստացել հետեւյալ պատասխանը… Բայց պետք չէ գլխին մոխիր լցնել եւ ձեռքերը ծնկներին խփել:

ԵՏՄ-ն մեզ օգո՞ւտ տալիս է: Կարծում եմ, որ չի տալիս: Համենայնդեպս, Ռուսաստանն ամեն ինչ անում է, որպեսզի այդ միության հայտարարագրված նպատակները (օրինակ՝ մարդկանց ազատ տեղաշարժը եւ միասնական աշխատաշուկան) կյանքի չկոչվեն: Ինտեգրացիան, համագործակցությունը, հետեւաբար, չեն բխում Ռուսաստանի շահերից: Բայց եթե դա այդպես է, ապա այդ երկիրը վաղ թե ուշ կհրաժարվի այդ նախագծից: Ի՞նչ իմաստ կա կայսերական ինչ-որ «կայֆերի» համար հսկայական ԵՏՄ-ական վարչակազմ պահել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում