Տարոն Մարգարյանի «կրակոցը»


Տարոն Մարգարյանի «կրակոցը»
Հուլիս 17 15:09 2017

Մի քանի օր է Երեւանի մետրոպոլիտենում ցուցանակներ են տեղադրվել, որոնք տեղեկացնում են, որ հեծանիվով մետրո նստելու դեպքում ուղևորը պետք է երկրորդ ժետոնը գնի: Ուղևորը հավելյալ 100 դրամ պետք է վճարի նաև սահմանված չափերից մեծ ուղեբեռի տեղափոխման դեպքում: Նշենք, որ ըստ մետրոպոլիտենի ուղեբեռի տեղափոխման կարգի՝ եթե ուղեբեռի չափսերը մեծ են 60x40x20 սմ-ից, այսինքն` երկարության, լայնության և բարձրության չափերի հանրագումարը գերազանցում է 120 սմ-ը և 150-սմ-ից ավելի երկարություն ունեցող առարկա, ապա ուղևորը պետք է երկրորդ ժետոնը գնի:

Սա ոչ այլ ինչ է, քան մետրոյի ուղեվարձի անուղղակի թանկացում: Գաղտնիք չէ, որ մետրոյից օգտվում են հիմնականում մարզերի բնակիչները, ովքեր իրենց հետ նաեւ ապրանքներ են տեղափոխում, որոնք շատ հաճախ կարող են գերազանցել մետրոպոլիտենի տնօրինության հայտարարած չափերը:

Երեւանի քաղաքային իշխանությունները այս կերպ հերթական անգամ փորձ են անում մտնել շարքային քաղաքացու գրպանը: Առհասարակ Տարոն Մարգարյանը սիրում է քաղաքացիների գրպանը «մտնել»: Նման փորձ նա մի քանի անգամ արել է:

Հիշեցնենք, որ Տարոն Մարգարյանը տարիներ առաջ որոշել էր հասարարակական տրանսպորտի սակագինը 50 դրամով բարձրացնել: Մարգարյանի որոշումն առաջացրեց հասարակական լայն դժգոհություն եւ ընդզվում, ինչի պատճառով իշխանությունները որոշեցին հետ կանգնել այդ քայլից:

Երեւանի քաղաքապետի ընտրություններից հետո Տարոն Մարգարյանը սահուն կերպով փորձում է ընտրությունների ժամանակ ծախսած գումարները հետ բերել: Ավելի վաղ հայտարարվել էր, որ վարորդները կարմիր գծերի մոտ կայանելու համար պարտավոր են ավելի թանկ վճարել, քան նախկինում էր սահմանված: Երեւանի քաղաքապետարանը շտապեց հայտարարել, թե իրենք մեղավոր չեն, եւ որ բջջային օպերատորներն են միջնորդավճարի փոփոխություն կատարել: Վերջիններս սակայն հերքեցին տեղեկությունը: Սա ոչ այլ ինչ է քան քաղաքացու գրպանը մտնելու անօրինական փորձ: Իսկ, թե ինչպես են անվանում ուրիշի գրպանն առանց թույլտվության մտնելու փորձ կատարողին, հայտնի է բոլորին:

Տարոն Մարգարյանը վերջին երկու որոշմամբ փորձ է անում մի կրակոցով երկու նապաստակ խփել: Թույլ կտա արդյո՞ք քաղաքացին նման անօրինակություն ցույց կտա ժամանակը: 

Փայլակ Ֆահրադյան