Արտաշես Հովսեփյանի հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 10-ին, վերջին հրաժեշտը՝ հուլիսի 11-ին


Արտաշես Հովսեփյանի հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 10-ին, վերջին հրաժեշտը՝ հուլիսի 11-ին
Հուլիս 10 11:05 2017

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արտաշես Հովսեփյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով:

Կառավարական հանձնաժողովից հայտնում են, որ Արտաշես Հովսեփյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 10-ին, ժամը 18:00-20:00-ը, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Վերջին հրաժեշտը` հուլիսի 11-ին, ժամը 13:00-14:00-ն,Հայաստանի նկարիչների միության շենքում (հասցե՝ Աբովյան 16): Հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում:

Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին, 86 տարեկան հասակում կյանքից հեռացավ ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արտուշ (Արտաշես) Հովսեփյանը:

Արտուշ Ավագի Հովսեփյանը ծնվել է 1931 թվականի հունիսի 22-ին, Սյունյաց աշխարհի Սառնակունք գյուղում: 1954 թվականին ընդունվել է Երեւանի Փ. Թերլեմեզյանի անվան ուսումնարան, որի երկրորդ կուրսից իր ուսուցչի` Ղուկաս Չուբարյանի հորդորով տեղափոխվել է Լենինգրադ` ուսանելու Ի. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության եւ ճարտարապետության ինստիտուտում:

Արտաշես Հովսեփյանի` Մաեստրոյի (ինչպես իրեն անվանում էին արվեստակից ընկերները) արվեստին բնորոշ են ծավալապլաստիկ խնդիրների համարձակ եւ դիպուկ լուծումները, գեղարվեստական ընդհանրացման մեծ ուժն ու մոնումենտալիզմի խոր զգացողությունը: Ակադեմիական կերպարվեստի եւ քանդակագործության շունչն ու ոգին վերընձյուղելով իր խորապես հայկական էությանը, հարազատ Սյունյաց լեռների գեղեցկությամբ ներշնչված մտապատկերներին, Արտաշես Հովսեփյանը քանդակը վերածում էր երկրի ու մարդկանց մասին քարե պատմության, հուշարձանը՝ վերածում քարե պոետիկայի:

Նրա առավել հայտնի աշխատանքների թվին է պատկանում Ալեքսանդր Թամանյանի արձանը (1974 թ., Երեւան, ճարտարապետ` Սեդա Պետրոսյան), Սուրբ Սարգիս եկեղեցու որմնաքանդակները (1975 թ., Երեւան, ճարտարապետ` Ռաֆայել Իսրայելյան), Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանի բակի խաչքարը (1975 թ.), Սիսիան քաղաքի մուտքի արծիվը (1975 թ.), Երեւանի կոնյակի գործարանի որմնաքանդակները (1975-1993 թթ.), Կ. Դեմիրճյանի անվան Երեւանի Մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանի որմնաքանդակները (1981 թ.), կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանի արձանը (1987 թ., ճարտարապետ` Ֆենիքս Դարբինյան), գիտնականներ Օրբելի եղբայրների հուշարձանը (1988 թ., ք. Ծաղկաձոր, ճարտարապետ` Ռոմեո Ջուլհակյան):

Արտաշես Հովսեփյանը ստեղծել է նաեւ դիմաքանդակների հոյակերտ շարք, ինչպես նաեւ գրաֆիկական աշխատանքներ: Արվեստագետի վերջին ստեղծագործություններից մեկը արձակագիր Հրանտ Մաթեւոսյանի արձանն է` գրողի անունը կրող դպրոցի բակում (2013 թ., Երեւան):

Արտաշես Հովսեփյանի պայծառ հիշատակը երկար կմնա գործընկերների, մտերիմների, արվեստասերների սրտերում:

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Արտաշես Հովսեփյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով:

Արտաշես Հովսեփյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 10-ին, ժամը 18:00-20:00-ը, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Վերջին հրաժեշտը` հուլիսի 11-ին, ժամը 13:00-14:00-ն,Հայաստանի նկարիչների միության շենքում (հասցե՝ Աբովյան 16): Հուղարկավորությունը` Երեւանի քաղաքային պանթեոնում:



loading...