Արցախը նախագահ է ընտրելու. ովքեր կառաջադրվեն


Արցախը նախագահ է ընտրելու. ովքեր կառաջադրվեն
Հուլիս 1 17:57 2017

Հուլիսի 19-ից 29-ն ընկած ժամանակահատվածում Արցախի Հանրապետությունում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ: Այս անգամ նախագահն ընտրվելու է ոչ թե համաժողովրդական քվեարկությամբ, այլ` ԱԺ-կողմից: 

Այսինքն, մինչև2020 թ.՝ անցումային շրջանի համար նախագահին կընտրի ԱԺ-ն: 2020թ.-ից հետո արդեն կլինեն համաժողովրդական ընտրություններ:

Հիշեցնենք՝ փետրվարի 20-ին Արցախում տեղի ունեցավ սահմանադրական փոփոխությունների հանրաքվե: Ըստ փոփոխությունների, Արցախը կիսանախագահական կառավարման համակարգից անցում է կատարում նախագահական համակարգի։

Armday.am-ն ուսումնասիրել է ԱՀ նոր սահմանադրության նախագիծը: Այսպես. Սահմանադրության անցումային դրույթներով ԱԺ խմբակցությունների առաջարկությամբ ընտրվում է Հանրա­պետության նախագահ, որը պաշտոնավարում է մինչև գործող ԱԺ-ի լիազորությունների ժամկետի ավարտը: 

Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդը: Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Երկրորդ փուլում Հանրապետության նախա­գահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստացել է պատգամավորների ընդհա­նուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդը:

Հանրապետության նախագահն իր պաշտոնը ստանձնում է գործող Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտի, իսկ Հանրա­պետության նախագահի արտահերթ ընտրության դեպքում` ընտրվելու օրվան հաջորդող տասներորդ օրը՝ Ազգային ժողովի հատուկ նիստում Սահմանա­դրությամբ սահմանված կարգով տրված երդմամբ:

Այս ընտրությունում թեկնածուներին պետք է առաջադրեն քաղաքական կուսակցությունները:

Արցախի ԱԺ-ում ներկայացված է 5 ուժ, միակ ընդդիմադիր ուժը Հայկ Խանումյանի «Վերածնունդ» խմբակցությունն է: Խանումյանն արդեն հայտարարել է, որ դեռ չեն ում են առաջադրելու՝ որպես թեկնածու, սակայն փաստ է՝ չեն պաշտպանելու Բակո Սահակյանի թեկնածությունը:

Խորհրդարանական մեծամասնություն կազմող «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը հայտնել է, որ  դեռ քննարկում են թեկնածուի հարցը:  «Հայրենիք» խմբակցությունը ներկայացնում է «Ազատ Հայրենիք» կուսակցությունը, որի ղեկավարն Արցախի ներկայիս վարչապետ Արայիկ Հարությունյանն է:

«Ժողովրդավարություն» խմբակցությունն, ի տարբերություն մյուս ուժերի, արդեն կողմնորոշվել է թեկնածուի հարցում: Այսօր կայացած համագումարում որոշվել է առաջադրել Բակո Սահակյանի թեկնածությունը:

Մյուս ուժերը դեռևս չեն հայտնել իրենց թեկնածուի անունը: