Ռուբեն Վարդանյանի նոր բիզնեսը՝ Երևանի սրտում. ծրագրի արժեքը 36 մլն. ԱՄՆ դոլար է (լուսանկարներ, տեսանյութ)


Ռուբեն Վարդանյանի նոր բիզնեսը՝ Երևանի սրտում. ծրագրի արժեքը 36 մլն. ԱՄՆ դոլար է (լուսանկարներ, տեսանյութ)
Հունիս 27 17:00 2017

Երևանում մի քանի ամսից նոր բիզնես-կենտրոն է բացվելու, այն կոչվելու է «Կամար»: Բիզնես-կենտրոնը տեղակայված է լինելու Կենտրոնական բանկի հարևանությամբ՝  շրջապատված լինելով առևտրի և սպասարկման բազմաթիվ կետերով: 

Նշվում է, որ բիզնես կենտրոնը ներկայացնելու է պատմական անցյալի և ճարտարապետական նորագույն լուծումների համադրությունը:

Համալիրում գործելու են բանկային ծառայություններ, կառավարման, իրավաբանական, և հարկային բարձրակարգ խորհրդատվական կենտրոններ: Կգործեն նաև ռեստորաններ, սրճարաններ, գեղեցկության սրահ, մի խոսքով, ստեղծված է լինելու բոլոր հարմարությունները շենքի վարձակալների համար:

Որպես կենտրոնի առավելություններ, նշվում են օդորակման և ջերմաստիճանի կառավարման բարձրակարգ տեխնոլոգիաներով և էներգախնայող համակարգերը, շենքի կառավարման կենտրոնացված համակարգը, արագընթաց 7 ուղևորատար վերելակները, 115 մեքենայի, ինչպես նաև հեծանիվների համար նախատեսված կայանատեղին: Այն «Ա» դասի առաջին բիզնես կենտրոնն է լինելու Հայաստանում:

Ծրագիրն իրականացվում է մասնավոր ներդրողի՝ «Փրոփերթի Դիվելոփմենթ» ՓԲԸ կողմից, որն իրականացնում է ներդրումներ անշարժ գույքի շուկայում, ինչպես նաև տրամադրում է կառուցապատման կառավարման և վարման ծառայություններ:

Նշենք, որ «Փրոփերթի դիվելոփմենթ քամփնի» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահը գործարար Ռուբեն Վարդանյանն է, ով դեռևս 2012 թ. քաղաքապետ Տարոն Մարգարյաննի հետ քննարկել է Երևանում ներդրումային ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր:

«Փրոփերթի Դիվելոփմենթ Քամփնի»-ն առաջարկում էր 2012–2016 թթ. մայրաքաղաքում իրականացնել խոշոր ներդրումային ծրագիր: Ընկերությունը, մասնավորապես, առաջարկել էր Երևանում իրականացնել տուրիզմի, գործարար ենթակառուցվածքների և համաքաղաքային հանգստյան և ժամանցի վայրերի, զբոսայգիների և կանաչ գոտիների ժամանակակից համակարգի ձևավորմանն ու զարգացմանն ուղղված ներդրումային մի քանի ծրագրեր։

Նշենք, որ ծրագրի արժեքը կազմում է շուրջ 36 մլն ԱՄՆ դոլար։