ԵՏՄ անդամակցությունն ավելի մեծ արդյունք տվեց, քան՝ եվրոասոցացումը. Վաչե Գաբրիելյան


ԵՏՄ անդամակցությունն ավելի մեծ արդյունք տվեց, քան՝ եվրոասոցացումը. Վաչե Գաբրիելյան
Հունիս 26 14:52 2017

ԵՏՄ անդամակցությունն ավելի մեծ արդյունք տվեց, քան՝ եվրոասոցացումը: Այս մասին, այսօր՝ հունիսի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ փոխվարչապետ, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:

«Մենք գնահատել ենք եվրոասոցացման անցած երկրները՝ Վրաստանն ու Մոլդովան, ԵՏՄ ավելի մեծ արդյունք տվեց, բայց միևնույն է ՌԴ ազդեցությունը տարածաշրջանի բոլոր երկրների վրա կար եւ դրանով մենք տարանջատում էինք միացման էֆեկտները տնտեսական վիճակի էֆեկտներից: Տնտեսական վիճակի էֆեկտները բոլոր տեղերում կա՝ անկախ նրանից դուք գնում եք ԵՏՄ, թե եվրոասոցացման: Կարծում եմ՝ ընդհանուր առմամբ ԵՏՄ անդամակցությունը դրական է: Նույն ֆինանսական հոսքերի տեսանկյունից ավելի շատ ստանում ենք, քան տալիս ենք»,-հայտարարել է Վաչե Գաբրիելյանը:

Նրա խոսքով` մինչև ԵՏՄ անդամակցությունը եւս ՀՀ-ն ՌԴ-ի հետ առեւտուր անում էր, մինչդեռ անդամակցությունից հետո որոշ առավելություններ տրվեցին. «Հիմա մաքսային միության մեջ ենք, որի արդյունքում մաքսային ձևակերպումները թեթևացել են, մաքսատուրքը նվազել է: Համաշխարհային բանկն ասում է, որ գործարարությամբ զբաղվելու համաթվով մենք ունեցել ենք առևտրային պայմանների բարելավում, որը վերաբերում է հենց մաքսային պայմանների բարելամանը»:

Փոխվարչապետը բնական համարեց, որ ԵՏՄ անդամակցությունից հետո երրորդ երկրների հետ Հայաստանի առևտրային հարաբերություններում խնդիրներ են առաջացել. «Բնականաբար պետք է առաջանային, քանի որ մենք անդամակցել ենք այլ կառույցի և դրանով մեր հարաբերությունները միջնորդավորվում ենք միասնական տնտեսական տարիֆի միջոցով: Բացի դրանից, այդ հարաբերությունները կարգավորվում են այլ սահմանային կետերով, կարող է ապրանքը մտնել այլ տեղերից ևս»: