Նիկոլ Փաշինյանն ընդունում է ՊԵԿ առաջարկը


Նիկոլ Փաշինյանն ընդունում է ՊԵԿ առաջարկը
Հունվար 23 22:33 2017

Ինչպես տեղեկացրել էինք, ՀՀ Պետական Եկամուտների կոմիտեն այսօր հայտարարություն էր տարածել, որտեղ անդրադարձել էր նախօրեին բանանի շուկայի մենաշնորհի մասին ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին:

Քիչ առաջ այդ հայտարարությանն ի պատասխան Ն. Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում արել է հետեւյալ գրառումը.

«ՀՀ պետական եկամուտների կոմիտեն «ԵԼՔ» դաշինքի առաջին համաժողովում իմ ունեցած ելույթին ի պատասխան հայտարարել է. «ՀՀ-ում բանանի մենաշնորհի խնդիր չկա: 2016թ. ընթացքում բանանի ներկրում է իրականացրել 48 կազմակերպություն և անհատ», ասվում է ՊԵԿ՝ այսօր տարածած հաղորդագրության մեջ:

Անկեղծ ասած՝ շատ ուրախացա, եւ ուզում եմ ՊԵԿ անկեղծությանն ի պատասխան մի բարի լուր էլ ես հայտնել: Հայաստանում շաքարի մենաշնորհի խնդիր չկա, որովհետեւ պաշտոնական տվյալներով Հայաստան շաքարավազ է ներկրում շուրջ 36 ընկերություն:

Ինչ վերաբերում է բանանի շուկայի հետ կապված համատեղ քննություն իրականացնելու ինձ ուղղված ՊԵԿ առաջարկին, այն համարում եմ իսկապես կառուցողական քայլ եւ վաղը կզանգահարեմ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին՝ համատեղ քննության մեխանիզմները քննարկելու համար»: