Մենք շարունակելու ենք պարտք վերցնել. նախարար


Մենք շարունակելու ենք պարտք վերցնել. նախարար
Հունիս 26 11:18 2017

«Ինչքա՞ն շատ և մինչև ե՞րբ հնարավոր է պարտք վերցնել»: ԱԺ-ում 2016 թվականի պետական բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանին հարցրեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը: Արամյանը նախ պարզաբանեց՝ ներկայացված ցուցանիշները բոլորն էլ հարաբերական են, այսինքն՝ երբ խոսվում է պետական պարտքի մասին, պիտի համեմատական դրվի ՀՆԱ-ի հետ:

«Անվանական առումով պարտքի մեծացումը խնդիր չէ, եթե քո եկամուտները չի հերիքում, որ ծախսերդ կատարես, պիտի պարտք վերցնես»,-ասաց նախարարը, հավելելով, որ բավական շատ են պարտք ունեցող միջազգային ընկերությունները: «Մենք շարունակելու ենք պարտք վերցնել»,-հայտարարեց նա ապա բացատրեց՝ բայց խնդիրն է կամաց-կամաց կարգավորել այդ անվանական ցուցանիշը: «56.7 տոկոսը պետք է կայունանա կամ նվազի, բայց, այո, պետք է որոշակի պարտք վերցնենք, որ տնտեսական աճ լինի, այսինքն՝ եթե ես կարողանում են այնպես աշխատել, որ ինձ մոտ տնտեսական աճն ավելի լինի, քան պարտքը, պիտի պարտք վերցնեմ: Պարտք ՀՆԱ ցուցանիշը պետք է կայունանա ի շնորհիվ ՀՆԱ-ի աճի: Հունաստանի ձախողոմը չպիտի կրկնենք: Հունաստանը գնաց պարտքերի միանգամից կրճատման, աշխատողների զգալի մասն աշխատում էր պետական հատվածում, առանց ռեֆորմ անելու գնաց պարտքի կտրուկ կրճատման, ու սա ավելի խորացրեց իրավիճակը: Ճիշտ քաղաքականությունը պարտք վերցնելն է, շեշտադրումը կապիտալ ծախսերի վրա պետք է լինի, ըթնացիկ ծախսերն էլ պիտի վերաիմաստավորել»,-եզրափակեց Վարդան Արամյանը: