830 միլիոն դոլարի չափով միջոցներ չեն հոսել Հայաստան. Արամյան


830 միլիոն դոլարի չափով միջոցներ չեն հոսել Հայաստան. Արամյան
Հունիս 26 10:56 2017

«Մենք 2011 թվականից այս կողմ գտնվել ենք բացասական ներազդեցության մեջ»,-այսօր Ազգային ժողովում 2016 թվականի պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ հաշվետվությունը ներկայացնելիս իր խոսքում նշեց Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Նա ապա հիշեցրեց, որ մեր արտահանման ծավալների 50 տոկոսից ավելի հանքահումքային ապրանքներն են մաս կազմում, և 2016 թվականին պնղձի ոլորտում շարունակվել է գնանկումային քաղաքականությունը: «Շուրջ 3 անգամ այս տարիների ընթացքում պղնձի գներն ընկել են, և հետևաբար սա իր ազդեցությունը պիտի թողներ նաև մեր տնտեսության վրա»,-նկատեց նախարարը,հավելելով,  որ նավթի գների տատանումներն էլ ազդել են Ռուսաստանի տնտեսության վրա, իսկ ՌԴ-ի տնտեսությունը մեծ ազդեցություն ունի ՀՀ տնտեսության վրա: «Մենք 2-3 խողովակով կախված են ՌԴ-ի տնտեսությունից, ու դա բացասական շոկ է նաև մեզ համար»:

Ֆինանսների նախարարը նշեց, որ համաշխարհային տնտեսությունը 2016 թ-ին 2015-ի նկատմամբ 0.2 տոկոսային կետով դանդաղել է, իսկ Եվրամիությունում էլ է դանդաղում եղել: ԵԱՏՄ երկրներում աճի տեմպերը մի փոքր դրական է եղել Ղազախստանի հաշվին, բայց ընդհանուր առմամբ բացասական է եղել: ՀՀ-ում տարին ավարտել ենք 0.2 տոկոս տնտեսական աճով, ազդեցությունը թողել են այդ գլոբալ զարգացումները՝ նախարարի խոսքով:

«2014 թվականից սկսած Ռուսաստանի տնտեսությունում, բացասական զարգացումներ են եղել՝ նախ տնտեսական սանկցիաների պատերազմի պատճառով: 2.8 տոկոսով անկում եղավ 2015 թվականին: Սա մեզ վրա արժեցել է, որ մեզ մոտ էապես կրճատվել են մասնավոր տրանսֆերտները, թվային արժեքով 830 միլիոն դոլարի չափով միջոցներ չեն հոսել մեր երկիր»,-ասաց  Վարդան Արամյանը:

0.2 տոկոս տնտեսական աճ է եղել մակրո միջավայրում, արդյունաբերությունում 4.8 տոկոս աճ է եղել իրական արժեքով, իսկ տրանսֆերների անկումը նաև շինարարության ոլորտի անկման վրա է ազդել:

Գալով գնաճային միջավայրին՝ նա նշեց, որ դա դրսից է գալիս, շատ երկրներում ևս գնաճային միջավայր է եղել, ու ներմուծող ապրանքների դեպքում սա էական նշանակություն ունի: Ֆիննախի ներկայացմամբ՝ դեֆլյատորը 0.5 տոկոսով է եղել, դրան նպաստել է ծառայությունների ոլորտում եղած դեֆլյատորը, միայն ծառայությունների մասով է դրական եղել, ճյուղայինները բացասական աճ են գրանցել:

Եկամուտների մասով, ԱԺ-ում նախապես հաստատված ծրագրով, այն եղել է 1 տրիլիոն 186 միլիարդ դրամ, ծախսերը կազմել են 1 տրիլիոն 377 միլիարդ: Արտաբյուջեային միջոցների եկամուտները հաստատվել են 36.1 միլիարդ, 30.5 միլիարդն է ծախսվել: «Մենք ունեցել ենք ընդհանուր եկամուտների հավաքագրում 1 տրիլիոն 171 միլիարդի չափի, ծախսերը՝ 1 տրիլիոն 449. 1 միլիարդի չափի, դեֆիցիտը գերազանցվել է, պատճառը բացասական շոկերն են եղել»: Նախարարն ասաց, որ Կառավարությունը շոկերին դիմակայելու համար ստիպված է եղել հակացիկլիկ քաղաքականություն վարել, և այդ պատճառով դեֆիցիտը մի փոքր ավելի բարձր է եղել, քան ծրագրված էր: