Ընկնել կարելի է, բայց «Ժառանգությունը» ծնկողը չէ. Ր. Հովհաննիսյան


Ընկնել կարելի է, բայց «Ժառանգությունը» ծնկողը չէ. Ր. Հովհաննիսյան
Հունիս 25 16:10 2017

Ընկնել կարելի է, բայց «Ժառանգությունը» ծնկողը չէ: Կուսակցությունը կշարունակի իր ծառայությունը մատուցել հայ ժողովրդի և հայոց պետականության նկատմամբ:

Այս մասին այսօր «Ժառանգություն» կուսակցության 11-րդ համագումարին իր ելույթում նշեց  կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:  ««Ժառանգությունը» երբեք չի փոխվել՝ անկախ նրանից պաշտոն ունեցել ենք, թե չենք ունեցել, խորհրդարանում եղել ենք, թե չենք եղել, մենք միշտ եղել ենք հայ ժողովրդի կողքին, հանիրավի բանտարկված հայրենակցի կողքին: Մեզ չի հրապուրում կամ զարմացնում մի պաշտոն, որպեսզի մենք գնանք ու ինչ-որ մի կոճակ սեղմենք»,- ասաց Հովհաննիսյանը անդրադարռնալով «Ժառանգություն» կուսակցության քաղաքական պատմությանը, պայքարի ուղուն, ընտրությունների մասնակցությանն ու հասարակության կողքին լինելուն:

«Կարելի է ընկնել, բայց մենք ծնկողը չենք: Մենք իրավունք չունենք հույսը կտրելու, զիջելու, մենք այլևս զիջելու ոչինչ չունենք: Սա քաղաքական ուղղակի հրամայական է, որ մենք՝ հասարակությունը, քաղաքական ուժերը խորհրդարանում, թե խորհրդարանից դուրս, պետք է միացնեն իրենց ուժերն ու կարողությունները ավելի լավ, զորեղ Հայաստան ունենալու համար: Հայաստան, որտեղ նվազագույնի է բերված անարդարությունը, աղքատությունն ու արտագաղթը»,-ասաց Հովհաննիսյանը:

 

Ինչ վերաբերում է խորհրդարանական ուժերին, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ իրենք կհամագործակցեն կառավարության ծրագրին դեմ քվեարկած ուժերի հետ՝ «Ելք»-ի և ԲՀԿ-ի. «ԱԺ-ում ունենք իշխանական կոալիցիա և երկու ընդդիմադիր խմբակցություն։ Նրանք, որոնք դեմ քվեարկեցին կոալիցիայի կառավարության ծրագրին, պիտի համարենք ընդդիմություն և համագործակցենք նրանց հետ։ Պետք է նրանց ձեռք մեկնենք, հրավիրենք՝ մեծամտությունից դուրս, կոճակ սեղմելուց դուրս : Թող հասկանան, որ ժամանակավոր է այդ ամենը»: