Մեր գործունեությամբ կարող ենք ազդեցություն թողնել բացասական երևույթների վրա. Սեյրան Օհանյան


Մեր գործունեությամբ կարող ենք ազդեցություն թողնել բացասական երևույթների վրա. Սեյրան Օհանյան
Հունիս 25 13:13 2017

«ՕՐՕ» դաշինքի պայքարն ուղղված պետք է լինի Հայաստանի պետականության ամրապնդմանը: Եթե բանակային իրադրության մեջ զինվորն ու զենքն են հաղթանակ բերում, ապա պետության գործունեության մեջ մնում է մարդը, իսկ մարդու զենքը պետության ներսում տնտեսությունն է: Այսօրվա իշխանությանը պետք է պարտադրել, որ ժողովրդին տան այդ զենքը:

Այս մասին այսօր «Ժառանգություն» կուսակցության 11-րդ համագումարի ընթացքում ասաց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը. «Ասում են, թե մենք առաջիկա հինգ տարվա ճակատագիրն ընտրել ենք, բայց ով է ասում, որ եթե փոփոխություններ չլինեն, մենք պետք է լռենք»:

Համագումարի վերաբերյալ Օհանյանն ասաց. «Հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ մենք եղել ենք միասնական, հաղթանակներն ու ծանրությունները տարել ենք միասին, և որոշում ենք կայացրել միասին մասնակցել խորհրդարանական ընտրություններին: Ես գտնում եմ, որ մեր դաշինքն իր առաջ դրված խնդիրը որոշակիորեն իրականացրել է, թեկուզ գտնվելով դժվարին պայմաններում մենք գտել ենք մարդկանց, ովքեր օգտվելով իրենց ունակություններից որոշել են երկրում փոփոխություններ իրականացնել: «Ժառանգությանն» ի սրտե հաջողություն եմ ցանկանում»:

Պաշտպանության նախկին նախարարն անդրադարձավ նաև ապրիլին անցկացված խորհրդարանական ընտրություններին՝ ասելով, որ արտաքին և ներքին մարտահրավերների պայմաններում, միջազգային հանրության աջակցությամբ անցկացված յուրաքանչյուր միջոցառում պետք է առաջընթացի խնդիր լուծեր, զարգացման համար նախապայմաններ ապահովեր.

«Բայց արդյոք այդ ընտրություններն ամրապնդեցի՞ն ժողովրդավարությունը Հայաստանում,արդյոք ընտրություններին գերիշխե՞ց օրինականությունը»:

Սեյրան Օհանյանն ասաց, որ իրենք այդ բացասական երևույթների դեմ պայքարի մի քանի ուղղություններ կարող են ունենալ.«Չնայած խորհրդարանում չենք, սակայն հասարակական և քաղաքական գործունեության արդյունքում մենք կարող ենք մեր ազդեցությունն ունենալ»: