Լեհաստանի վարչապետը Մակրոնին մեղադրել է Կենտրոնական Եվրոպայի երկրների նկատմամբ հակակրանք տածելու համար


Լեհաստանի վարչապետը Մակրոնին մեղադրել է Կենտրոնական Եվրոպայի երկրների նկատմամբ հակակրանք տածելու համար
Հունիս 23 18:38 2017

Լեհաստանի վարչապետ Բեատա Շիդլոն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին մեղադրել է Կենտրոնական Եվրոպայի՝ Եվրամիության անդամ երկրների նկատմամբ հակակրանք տածելու համար, փոխանցում է РИА Новости-ն:

«Լեհաստանը բաց է Ֆրանսիայի հետ համագործակցության համար: Բայց նախագահ Մակրոնից կախված կլինի՝ ցանկանում Է նա արդյոք զանգվածային լրատվամիջոցներում տարածել իր հակակրանքը Կենտրոնական Եվրոպայի երկրների նկատմամբ, թե խոսել փաստերի մասին», - Շիդլոյի խոսքը մեջբերում է Soir թերթի էլեկտրոնային տարբերակը:

Լեհաստանի վարչապետը Բրյուսելում Եվրամիության գագաթաժողովի շրջանակներում մեկնաբանել է Ֆրանսիայի նախագահի հարցազրույցը եվրոպական ութ հրատարակությունների, ներառյալ Soir-ի հետ, որը հրապարակվել է հինգշաբթի և որտեղ նա քննադատության է ենթարկել «Եվրոպայի առանձին ղեկավարների, որոնք թիկունքով են շրջվում Եվրոպայի նկատմամբ»: Մակրոնի խոսքով՝ «Եվրոպան մեծ վաճառատուն չէ, Եվրոպան ընդհանուր ճակատագիր է»:

Եվրահանձնաժողովը հունիսի 14-ին սկսել է Եվրամիության օրենսդրության խախտումների կանխման ընթացակարգը, որը կարող Է հանգեցնել պատժամիջոցների սահմանման Չեխիայի, Լեհաստանի և Հունգարիայի դեմ՝ այդ երկրների իշխանությունների կողմից Իտալիայում և Հունաստանում հայտնված փախստականներին ԵՄ-ի տարածքում բաշելու վերաբերյալ համաձայնությունների խախտման պատճառով: Մեկ ամսվա ընթացքում Եվրահանձնաժողովն այդ երկրների իշխանություններից պատասխան է սպասում գրավոր գանգատներին ի պատասխան: