«S.O.S. Սևան» նախաձեռնությունը դիմել է Ազգային ժողով՝ հորդորելով թույլ չտալ Սևանա լճից լրացուցիչ ջրառ իրականացնել


«S.O.S. Սևան» նախաձեռնությունը դիմել է Ազգային ժողով՝ հորդորելով թույլ չտալ Սևանա լճից լրացուցիչ ջրառ իրականացնել
Հունիս 23 19:37 2017

«S.O.S. Սևան» նախաձեռնությունը այսօր դիմել է ՀՀ Ազգային ժողովի խմբակցություններին ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի ու ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովներին՝ հորդորելով թույլ չտալ Սևանա լճից 100 միլիոն մ3 լրացուցիչ ջրառը, չընդունել կառավարության առաջարկը` «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքը փոփոխելու վերաբերյալ:

 

«S.O.S. Սևան» նախաձեռնությունը նաև նամակով դիմել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին` կոչ անելով հետ կանչել այս նախագիծը: Բացի այդ, «S.O.S. Սևան» նախաձեռնությունը կոչ է անում հասարակությանը միանալ իրենց և հանդես գալ «այս վտանգավոր» նախագծի դեմ:

«Սևանա լճի ափամերձ տարածքների բնակիչները խիստ անհանգստացած են ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, որի համաձայն` նախատեսվում է 3 տարվա ընթացքում Սևանա լճից բաց թողնել 1 միլիարդ խմ ջուր: Հունիսի 23-ին ՀՀ կառավարությունը որոշեց փոփոխել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքը և 100 միլիոն մ3-ով ավելացնել Սևանա լճից ջրբացթողումները: Սա կառավարության վտանգավոր նախաձեռնության առաջին քայլն է:

Սևանա լճի կյանքը` ջրի որակը, կենսաբազմազանությունը խիստ կապված է լճի մակարդակի հետ: Մեր` Սևանա լճի ափամերձ տարածքներում ապրող ժողովուրդն ականատես է, երբ Սևանի մակարդակն իջնում էր, լիճը մահանում էր, երբ մակարդակը սկսեց բարձրանալ, լիճը կենդանացավ: Մենք գիտակցում ենք, որ լճի մակարդակի բարձրացումը կարող է վնաս հասցնել ափամերձ տարածքների շինություններին, սակայն ցանկանում ենք հիշեցնել, որ Սևանի ափին 4700-ից ավելի անօրինական շինություններ կան, որոնցից ապամոնտաժվել է չնչին հատվածը: Թանկարժեք շինությունները մնացել են, և արդեն քանի տարի է` ՀՀ կառավարությունը չի կողմնորոշվում, թե ինչպես վարվի այս շինությունների հետ:

Կառավարությունն առաջին անգամ չէ, որ բարձրացնում է Սևանա լճից հավելյալ ջրառի հարցը, և հավելյալ ջրառի պատճառները տարեց տարի ավելի ու ավելի անհամոզիչ են: Այս հարցի վերաբերյալ համակարծիք ենք ՀՀ բնապահպանության նախարարության պատասխանի հետ, որը տրվել է ՀՀ կառավարությանը Սևանա լճից հավելյալ ջրառի վերաբերյալ և ուղարկվել է Գեղարքունիքի մարզի «Բլեջան» ՀԿ-ին` վերջինիս 10.04.2017թ.-ի թիվ ԲԼ-Գ-02 հարցմանն ի պատասխան:

ՀՀ բնապահպանության նախարարության պատասխան նամակում մասնավորապես նշված է. «Համաձայն «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-276) 5-րդ մասի 5.1 կետով նշված միջոցառումների` նախատեսվել է Սևանա լճի մակարդակի տարեկան բարձրացում` մոտ 21.6 սմ: Համալիր ծրագրով նախատեսված Սևանի ջրի ծավալը 30 տարվա ընթացքում կավելանա շուրջ 8.8 միլիարդ մ3, որը հավասարազոր է լճի մակարդակի 6,5մ բարձրացմանը: Նախատեսվել է նաև Որոտան-Արփա հիդրոհանգույցի շահագործման շնորհիվ Սևանա լիճ տարեկան տեղափոխել մինչև 165 մլն մ3 ջուր, իսկ Արփա-Սևան ջրատարի կայուն աշխատանքի ապահովման շնորհիվ մինչև 300 մլն մ3 ջուր:

2012-2016թթ. տարեվերջի դրությամբ լճի մակարդակը բարձրացել է 0.36մ-ով (միջին հաշվով տարեկան 7.2սմ), ինչը 0.72մ-ով պակաս է օրենքով նախատեսվածից (5 տարվա համար 1.08մ, տարեկան 21.6սմ): Նույն ժամանակահատվածում Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ մուտք է գործել 577.2 մլն մ3 ջուր, ինչը 922.8 մլն մ3-ով պակաս է նախատեսվածից` 1500.0 մլն մ3:

Հարկ է նշել նաև, որ համաձայն Կլիմայի փոփոխության մասին երրորդ ազգային հաղորդագրության (2015թ.), տարբեր սցենարներով տրվել է ջրի ջերմաստիճանի կանխատեսում` 2030թ., 2050թ. և 2100թ. համար, ըստ որի Սևանա լճի ջրի ջերմաստիճանը մինչև 2100թ. բազիսայինի նկատմամբ (9.40) կբարձրանա 3.6-40C-ով: Հետևաբար, կարելի է եզրակացնել, որ Սևանա լճի ներհոսքը բազիսայինի նկատմամբ (787 մլն մ3) 2030թ. կնվազի ավելի քան 50 մլն մ3-ով, 2070թ.` ավելի քան 110 մլն մ3-ով, և 2100թ.` մոտ 190 մլն մ3-ով, այսինքն, լճի մակարդակը կսկսի իջնել տարեկան մոտ 16սմ-ով: Կլիմայի փոփոխման պայմաններում հաշվարկված է, որ եթե Սևանա լճի ջրի ջերմաստիճանը 1 աստիճանով բարձրանա, մենք կունենանք 71 մլն մ3 ջրի կորուստ, իսկ տեղումների կրճատման դեպքում ևս 36 մլն մ3 ջրի կորուստ:

Սևանա լճից հավելյալ (1.0 մլրդ մ3) ջուր վերցնելը կբերի լճի մակարդակի ավելի քան 80 սմ իջեցման, ինչը կխախտի վերջին տարիներին ձևավորված Սևանա լճի փխրուն էկոհամակարգի հավասարակշռությունը, և լիճը կենթարկվի Էվտրոֆացման: Լճի մակարդակի իջեցման հետևանքով կկրճատվի նաև հիպոլիմիոնի ծավալը, վերջինիս արդյունքում կակտիվանան ներջրամբարային պրոցեսները, և կենսածին տարրերը տիղմից կանցնեն ջրային միջավայր, ինչը կհանգեցնի լճի ջրի ջերմաստիճանի բարձրացման` իր բոլոր բացասական հետևանքներով հանդերձ: Ցամաքի կվերածվեն հարյուրավոր հեկտարներ, ափամերձ տարածքների ջրազրկման հետևանքով կոչնչանա ջրի բարձրացման արդյունքում մասնակիորեն վերականգնված մակրոֆիտների պաշտպանական գոտին, որը սահմանափակում է ջրհավաք ավազանի ազդեցությունը լճի վրա: Ավելին, դրան կգումարվի նախկին ջրածածկ տարածքներից քայքայվող օրգանական մնացորդների ներթափանցումը լիճ, ավելացնելով նրանց կոնցենտրացիան ջրում, իսկ հետագայում այդ տարածքների ջրածածկվելու դեպքում կընթանա նեխման պրոցեսը, և վտանգի կենթարկվեն ձկների նոր ձվադրավայրերը:

Ներկայումս հսկայական ներդրումներ են կատարվում լճի էնդեմիկ ձկնատեսակների արդյունագործական պաշարների վերականգնման ուղղությամբ, սակայն լճում սաղմոնազգի ձկնատեսակների կենսապայմանների վատացման դեպքում այս ծրագիրը ևս անհաջողության կդատապարտվի: Բացի այդ, անհրաժեշտ է տնտեսական լուրջ հիմնավորում, թե արդյոք այդ 1 մլրդ մ3 ջրի տնտեսական արժեքն ավելին է, քան ջրի բարձրացման հետևանքով տարիների ընթացքում իրականացված հսկայածավալ ու բարդ աշխատանքների վրա ծախսված գումարներն ու ջանքերը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ջրից ազատված տարածքները նորից կպատվեն բուսականությամբ` հատկապես մամուռով, կկառուցապատվեն և հետագա տարիների ընթացքում լճի բարձրացմանը զուգահեռ առաջ կգան նույն խնդիրները, որոնց լուծման նպատակով պետական բյուջեից ծախսվել են բավականաչափ մեծ գումարներ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարիներին Սևանա լճի մակարդակի բարձրացման արդյունքում դրսևորվել են լճային էկոհամակարգի բարելավման միտումներ, սակայն լիճը դեռևս գտնվում է անկայուն վիճակում և յուրաքանչյուր սխալ միջամտություն կարող է բացասական հետևանքներ ունենալ վերջինիս համար, ինչպես նաև այն փաստը, որ հարևան պետություններն ունեն ջրի լուրջ խնդիր, իսկ Թուրքիայում վերջին տարիներին կառուցվող հզոր ջրամբարները (ընդհանուր 1.8 մլրդ մ3 ծավալով), կնվազեցնեն անդրսահմանային ջրի հոսքը Հայաստան (մասնավորապես կնվազի Արաքս և Ախուրյան գետերի ջրի հոսքը, ինչի արդյունքում կունենանք շուրջ 45% ջրի դեֆիցիտ Շիրակի մարզում և Արմավիրի ու Թալինի տարածաշրջաններում), և խոցելիությունը` կախված կլիմայական պայմաններից, առաջարկում ենք Սևանա լճում կուտակված հավելյալ ջրի (1 մլրդ մ3) պաշարը թողնել անփոփոխ, իսկ ոռոգման նպատակով Սևանա լճից Սևան-Հրազդան ոռոգման էներգետիկ համակարգով ջրի բացթողման չափաքանակը պահել մինչև 170 մլն մ3, ինչպես նախատեսված է (ՀՕ-276) 5.1 կետով:

Էկոհամակարգին հասցված վնասներին ֆինանսական գնահատական այս պահին տալը հնարավոր չէ, և մինչև Սևանա լճի 1 մլրդ մ3 ջրի հավելյալ բացթողումը անհրաժեշտ է գնահատել շրջակա միջավայրի վրա ազդեցությունը /շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննություն/` Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վրա հնարավոր բացասական ազդեցությունից խուսափելու համար»:

ՀՀ Ազգային ժողովին կոչ ենք անում չընդունել կառավարության առաջարկը և «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքը թողնել անփոփոխ:

Չմոռանանք, որ Սևանը տարածաշրջանի քաղցրահամ ջրի ամենամեծ շտեմարանն է, և մենք իրավունք չունենք վատնել բնական արարչագործությամբ մեզ տրված պարգևը, որը մոտ ապագայում կարող է դառնալ մեր երկրի փրկության ու բարգավաճման միակ հույսը: Հույս ունենք, որ նորընտիր ԱԺ-ն իր գործունեությունը չի սկսի հանրային շահերին հակասող օրենքի ընդունմամբ, և մեր երկրում ռազմավարական նշանակություն ունեցող հիմնախնդիրների նկատմամբ, ինչպիսին է Սևանի հիմնախնդիրը, կողմնակալ վերաբերմունք չի արձանագրվի:

Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնումը Հայաստանի բնապահպանական առաջնահերթություններից առաջնահերթն է»,- նշված է «S.O.S. Սևան» նախաձեռնության նամակ-դիմումում:



loading...