«Բարսելոնայի» փոխնախագահ. Իշխանություններն ամեն ինչ անում են, որ Ռոնալդուն չհայտնվի ամբաստանյալի աթոռին


«Բարսելոնայի» փոխնախագահ. Իշխանություններն ամեն ինչ անում են, որ Ռոնալդուն չհայտնվի ամբաստանյալի աթոռին
Հունիս 23 18:56 2017

«Բարսելոնայի» փոխնախագահ Կարլես Վիլառուբին վստահ է, որ Իսպանիայի դատական իշխանությունը կատալոնական ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի պատիժը ազատազրկումից դարձրել են տուգանք, որպեսզի նախադրյալներ ստեղծեն Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի նկատմամբ տուգանքով սահմանափակվելու համար: Պորտուգալացի ֆուտբոլիստը մեղադրվում է հարկային օրենսդրության չորս կետերով: Մեղավոր ճանաչվելու դեպքում Ռոնալդուին սպառնում է մի քանի տարվա ազատազրկում:

«Դժվար է պատկերացնել, որ Մեսիի նկատմամբ պատիժը կփոխվեր, եթե չլիներ Ռոնալդուի հետ կապված իրավիճակը: Այժմ ամեն ինչ անում են, որպեսզի Ռոնալդուն չգա դատարան եւ չհայտնվի այն նվաստացուցիչ պայմաններում, որով անցավ Մեսին: Չեն ցանկանում թույլ տալ ամբաստանյալի աթոռին նստած Ռոնալդուի լուսանկարներ: Հիմա ֆինանսների նախարարը ելույթ է ունենում եւ հայտարարում է, թե պետք է հարգել Ռոնալդուի անմեղության կանխավարկածը, իսկ Մեսիի դեպքում, ասում էին, թե նա մաֆիոզ ընտանիքի պարագլուխ է»,- Վիլառուբիի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Մեսին 2007-2009 թվականներին 4.1 միլիոն եվրո հարկ չվճարելու համար 2016-ին դատապարտվել էր 21 ամսվա ազատազրկման (պայմանական), որն այժմ փոխվել է 252 հազար եվրո տուգանքի: Ռոնալդուն մեղադրվում է 2011-2014 թվականներին 14.7 միլիոն եվրո հարկ չվճարելու մեջ: