Իրական մեղավորները կմնան անպատիժ


Իրական մեղավորները կմնան անպատիժ
Հունիս 23 17:39 2017

2015 թ. հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած խաղաղ ցույցը դադարեցնելու նպատակով ՀՀ ոստիկանության կողմից գործադրվեց ջրցան մեքենա:

Բաղրամյան պողոտայում, Ազատության հրապարակում և հարակից տարածքներում մի շարք լրագրողների և հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառվեց բռնություն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, դիտավորությամբ վնասելով լրագրողների տեսաձայնագրող սարքերը, խոչընդոտելով նրանց մասնագիտական գործունեության իրականացումը: Կիրառված անհամաչափ ուժի հետևանքով տասնյակ ցուցարարներ և լրագրողներ տեղափոխվեցին հիվանդանոցներ, հարյուրավորները բերման ենթարկվեցին:

«Էլեկտրիկ Երեւանից» երկու տարի անց, սակայն, լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտողները պատասխան չեն տվել: Չնայած այն հանգամանքին, որ մի քանի ոստիկանի նկատմամբ հարուցվեց քրեական գործ, սակայն տուժող լրագրողներից շատերն այն կարծիքին են, որ իրական մեղավորներն այդպես էլ կմնան անպատիժ: Հունիսի 23-ի վաղ առավոտյան ոստիկանական գործողություններից տուժել էր նաեւ լրագրող Փայլակ Ֆահրադյանը, ով այդ ժամանակ աշխատում էր ԳԱԼԱ հեռուստաընկերությունում:

Araratnews.am-ի հետ զրույցում Փայլակ Ֆահրադյանը նշեց, որ այդ օրը կատարում էր իր մասնագիտական պարտականությունները, որը խոչընդոտվել է ոստիկանների կողմից: «Վաղ առավոտյան, երբ ոստիկանները պատրաստվում էին հատուկ միջոցներով բացել Բաղրամյան պողոտան, մենք տեղում աշխատում էինք: Հրահանգվեց տեղափոխվել պողոտայի կամ աջ կամ ձախ հատվածներ, ինչը մեր՝ լրագրողներիս կողմից արվեց: Հետո, երբ գործի դրվեց ջրցան մեքենան, եւ ոստիկանները սկսեցին ուժով բերման ենթարկել ցուցարարներին, սկսեցին նաեւ մեզ՝ լրագրողներիս հարվածել եւ բերման ենթարկել»,- պատմեց Փայլակը: Նրա խոսքով՝ ոստիկաններն ամեն ինչ անում էին, որ վնասեն նաեւ տեխնիկան, որպեսզի տեսանկարահանումներ չարվեն: «Ինձ ու եւս մի քանի լրագրողի բերման ենթարկեցին ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղից հետո ազատ արձակեցին»,- ասաց լրագրողը, հավելելով, որ ստացել էր մարմնական վնասվածքներ:

Հարցին, թե ի վերջո լիահո՞ւյս է, կլինե՞ն արդյոք պատժվողներ, Փայլակ Ֆահրադյանը նշեց, որ արդեն իսկ երկու տարի է անցել, սակայն որեւէ դրական տեղաշարժ չկա, եւ, հետեւաբար, ակնհայտ է, որ արվում է ամեն ինչ դեպքերը մոռացության մատնելու համար:

«Եթե ՀՔԾ-ում այդքան քննիչ կա, ու մինչեւ հիմա չեն կարողանում ակնհայտ տեղի ունեցած փաստերը համադրել եւ որոշումներ կայացնել, ապա վաղուց ժամանակն է այդ կառույցը փակելու»,- ասաց Փայլակ Ֆահրադյանը, եզրափակելով, որ սպասելիքները մեծ չեն: «Տեղի ունեցածը քաղաքական հրահանգի հետեւանք էր, եւ ես այդչափ ռոմանտիկ չեմ, որ մտածեմ, թե լրագրողներին եւ ցուցարարներին ծեծելու եւ բերման ենթարկելու հրաման տվողները մի օր կպատժվեն»,- նշեց լրագրողը:

Araratnews.am