Պարզապես խայտառակություն է եւ բացահայտ ապօրինություն. Տիգրան Աթանեսյանին հրավիրել են որպես կասկածյալ հարցաքննության


Պարզապես խայտառակություն է եւ բացահայտ ապօրինություն. Տիգրան Աթանեսյանին հրավիրել են որպես կասկածյալ հարցաքննության
Հունիս 23 16:12 2017

Պարզապես խայտառակություն է եւ բացահայտ ապօրինություն, որ ինձ վրա գրասենյակում հարձակվում են անսպասելի եւ ստոր եղանակով, ապա որպես կասկածյալ ներգրավվում եւ հրավիրում որպես կասկածյալ հարցաքննության: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը, որի եւ նրա գործընկեր Արմեն Սողոմոնյանի վրա Փաստաբանների պալատի մի խումբ ղեկավար անձինք ապրիլի 27-ին հարձակվել եւ դաժան ծեծի էին ենթարկել: «Քիչ առաջ ստացա ծանուցագիր՝ որպես կասկածյալ քննիչի մոտ ներկայանալու մասին: Իմ վրա իմ գրասենյակում հարձակվեն՝ անսպասելի և ստոր եղանակով, ու հիմա ինձ են կասկածում, այն էլ գիտեք ինչում՝ որ ես ծեծել եմ մարտական տաէկվոնդոյի չեմպիոնին: Մտածում եմ, կարողա էդ մարդկանց մեջ վսյո-տակի զարթնելա փաստաբանական խիղճը, պարզապես ուզում են՝ խայտառակ չլինեմ, ու ասում են, որ ծեծել եմ չեմպիոնի)))) Իսկ եթե ավելի լուրջ, ապա սա պարզապես խայտառակություն է և բացահայտ ապօրինություն՝ արդեն իսկ հասկանալի նպատակներով:

Ցավոք չենք հասցրել իրականում ծեծել դրանց, սակայն խնդիրն այն է, որ նույնիսկ եթե ծեծած լինեինք, ապա դա միանգամայն իրավաչափ կլիներ, ինչը ցավոք չեն ընդունում մեր իրավապահ մարմինները: Որևէ տարբերություն չի կարող դրվել բնակարանի և գրասենյակի միջև այս դեպքում: Նման մոտեցումը վկայում է առնվազն այն բանի մասին, որ ինքնապաշտպանությունը մեր երկրում դիտվում է որպես հանցագործություն: Եթե նպատակ է դրվել մեզ վախեցնելու միջոցով ստիպել գնալ հաշտության, ապա դա անիմաստ է: Եթե նպատակ է դրվել մեզ դատապարտել և զրկել այդ հիմքով արտոնագրից, ապա նման որոշումները պետք է կայացվեն ամենաբարձր ատյաններում: Եթե դա այդպես է, ապա ակնհայտ է, որ մեզ սպասվում է դժվարին պայքար, որին մենք պատրաստ ենք՝ հանուն արդարության և փաստաբանության»:

Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին Տիգրան Աթանեսյանն ու Արմեն Սողոմոնյանը հարձակման էին ենթարկվել Փաստաբանների դպրոցի տնօրեն, խորհրդի անդամ Սիմոն Բաբայանի, ՓՊ նախագահի խորհրդականներ Վրեժ Խաչիկյանի, Գեւորգ Մկրտչյանի եւ փաստաբան Արսեն Հարությունյանի կողմից։ Աթանեսյանն ու նրա ընկերները հարձակման պատասխանատու համարում են ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանին։