«Հանուն ավելի լավ «Սպայկա»-ի


«Հանուն ավելի լավ «Սպայկա»-ի
Հունիս 23 13:24 2017

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց ներդրումային ծրագրի շրջանակներում հողամաս նվիրաբերել «Սպայկա» և «Արմսանպրոդակտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին:

Որոշման նախագիծը կառավարությանը  ներկայացրեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Ըստ ներկայացվող նախագծի՝ «Սպայկա» և «Արմսանպրոդակտ» ՍՊԸ-ների տնօրենները համատեղ դիմումով Երևանի քաղաքապետարան են ներկայացրել Նորագավիթ թաղամասին հարող տարածքում 110 հա կիսափակ ջերմոցային համալիրի և բորբոսով պանրի գործարանի կառուցման ներդրումային ծրագրեր՝ խնդրելով այդ ծրագրի իրականացման համար ընկերությանն անհատույց սեփականության իրավունքով օտարել Նորագավիթ թաղամասին հարող տարածքում առկա համայնքային սեփականություն հանդիսացող մոտ 163.2 հա հողամաս:

«Որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կտա ունենալ նոր, ժամանակակից արտադրություն, ավելացնել միջազգային շուկա տեղական արտադրանքի արտահանման ծավալները ու ստեղծել կայուն աշխատատեղեր», - նշեց Տարոն Մարգարյանը:

Կառավարության որոշման նախագծի համաձայն, հողամասերը կարող են օգտագործվել բացառապես ջերմոցային համալիրի և բորբոսով պանրի գործարանի կառուցման նպատակով և դրանց նպատակային նշանակությանը համապատասխան: