Արցախից դեպի ՀՀ ուղերթերի թիվն աճել է


Արցախից դեպի ՀՀ ուղերթերի թիվն աճել է
Հունիս 23 12:45 2017

2017թ. առաջին եռամսյակում Արցախի «Կենտրոնական ավտոկայան» ՓԲԸ կողմից գրանցվել են միջշրջանային և ներշրջանային 11 184 երթ, 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ երթերի թիվը աճել է 58-ով (11 126 երթ): Նույն ժամանակահատվածում դեպի Հայաստանի Հանրապետություն իրականացվել է 786 երթ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 44-ով (742 երթ):

Այս մասին տեղեկացնում է Արցախի հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը:
2017թ. առաջին եռամսյակում միջշրջանային և ներշրջանային ավտոբուսային երթերի արդյունքում փոխադրող կազմակերպությունների կողմից տեղափոխել են 112 516 ուղևոր, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ուղևորների թիվը կազմել էր 114 041: ՀՀ հետ կապող միջպետական ավտոբուսային երթուղիների սպասարկման արդյունքում գրանցվել է 7654 ուղևոր, նախորդ տարվա 7930 ուղևորի փոխարեն:

Կենտրոնական ավտոկայանի կողմից իրականացվող միջպետական երթուղիների հաստատված սակագներն են՝ Ստեփանակերտ-Երևան 4500 դրամ, Մարտունի-Երևան 6000 դրամ, Մարտակերտ-Երևան 5000-6000 դրամ, Հադրութ-Երևան 7000 դրամ, Բերձոր-Երևան 3500 դրամ, Ստեփանակերտ-Հրազդան 5000 դրամ:

Արցախի Հանրապետությունում ուղևորներին նախաերթային սպասարկման ծառայություններ մատուցող միակ կազմակերպությունը «Կենտրոնական ավտոկայան» ՓԲԸ-ն է: Ընկերությունն ունի քաղաքական և ռազմավարական մեծ նշանակություն:
Միջշրջանային և ներշրջանային ավտոբուսային երթուղիների ցանցում ընդգրկված են 166 բնակավայր և սպասարկվում է բնակչության մոտ 85 տոկոսը՝ 126 հազ. մարդ:

Ընկերությունը միջշրջանային և ներշրջանային երթուղիների սպասարկումն իրականացնում է 103 ավտոբուս, իսկ միջպետական ուղևորափոխադրումները՝ 21: