Էդ պրակտիկան դադարեցրեք. վարչապետը՝ Մինասյանին


Էդ պրակտիկան դադարեցրեք. վարչապետը՝ Մինասյանին
Հունիս 23 12:16 2017

ՀՀ կառավարության այսօրվա  նիստում Ջրային պետական կոմիտեի ղեկավար Արսեն Հարությունյանը ներկայացրեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է օրենքով սահմանված ոռոգման նպատակով լճից 2017թվականի բացթողման 170 մլն խմ չափաքանակն ավելացնել` դարձնելով մինչև 270 մլն խմ: «Խնդրում եմ հաստատել սահմանված կարգն ու օրենքի նախագիծը ԱԺ ուղարկելու համար»,- դիմելով վարչապետին ասաց Արսեն Հարությունյանը: 

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը 2 օր ժամանակ խնդրեց ԱԺ-ում քննարկումների համար, սակայն վարչապետ Կարեն Կարապետյանը չթույլատրեց նրան ավարտել խոսքը:

«Ո՛չ»,- կտրուկ ընդհատեց Կարապետյանը` նշելով, որ կոմիտեների և նախանիստերի ընթացքում Մինասյանը ժամանակ է ունեցել քննարկելու: «Ոչ, կոմիտեներին եւ նախանիստերին դուք ժամանակ ունեիք քննարկելու: Մենք ասել ենք, որ էդ պրակտիկան դադարեցրեք, խիստ անհրաժեշտ դեպքերում դա արեք: Մենք մի օր պետք է դա դադարեցնենք, պարոն Մինասյան»:

Վարչապետը Ա. Հարությունյանից հետաքրքրվեց` ավելի առաջանցի՞կ տեմպերով է բարձրանում Սևանի մակարդակը, քան նախանշված ծրագիրը, ինչը լյուֆտ է տալիս, եղանակային պայմաններից ելնելով, ավելի ջուր բացթողնել, և ստացավ դրական պատասխան: