Վթարված շենք վերադարձը ճիշտ չէ. Արթիկի դեպքը՝ կառավարության նիստում


Վթարված շենք վերադարձը ճիշտ չէ. Արթիկի դեպքը՝ կառավարության նիստում
Հունիս 23 11:26 2017

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ այս գիշեր Արթիկ քաղաքում բնակելի շենքի քարաթափման դեպքին և հետաքրքրվեց իրավիճակի մասին: Նա նշեց, որ իրեն  քիչ առաջ զեկուցել են կատարվածի մասին, եւ հետեւաբար անհրաժեշտ է հարցը քննարկել:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշեց, թե  շենքը գտնվում է Արթիկի 8-րդ թաղամասում: «Տեղի է ունեցել քարաթափություն, բնակիչները տարհանվել են, մարզպետը տեղում է եղել: Այժմ բնակիչներն ապրում են այլ տարածքներում: Խնդրում ենք Արտակարգ իրավիճակների նախարարությանն արագ ուսումնասիրություն կատարել իրավիճակի վերաբերյալ»,- ասաց Լոքյանը:

ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն էլ նշեց, որ տարհանումից հետո 11 ընտանիք վերադարձել է վթարված շենք, ինչը, նախարարի խոսքով, ճիշտ չէ: Կարեն Կարապետյանն առաջարկեց կառավարության նիստից հետո հավաքվել իր մոտ ՝ խնդրին լուծում տալու համար: