«ՀԺ». Արցախում վիրավորված զինվորը սկսել է ինքնուրույն շնչել


«ՀԺ». Արցախում վիրավորված զինվորը սկսել է ինքնուրույն շնչել
Հունիս 23 10:25 2017

Արցախում հունիսի 16-ին վիրավորված ժամկետային զինծառայող Արմեն Վարդանյանը, որը Ստեփանակերտից Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալ էր տեղափոխվել հաջորդ օրը, սկսել է շնչել ինքնուրույն և գիտակցություն ունի: Զինծառայողի առողջական վիճակի մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել է հոսպիտալի պետի պաշտոնակատար Արտաշես Խաչատրյանը։

«Ճիշտ է՝ ծանր է վիճակը, բայց դրական դինամիկայով», - ասել է նա։ 1997 թվականին ծնված զինծառայող Արմեն Վարդանյանը վիրավորում է ստացել գլխի շրջանում, նրա մոտ առկա է գանգուղեղային բաց թափանցող վնասվածք։

Հունիսի 16-ին վիրավորված և կենտրոնական զինվորական հոսպիտալում գտնվող մյուս զինծառայողը, որը Երևան էր տեղափոխվել հունիսի 19-ին, շարունակում է գտնվել ծայրահեղ ծանր վիճակում։ Նա անգիտակից է՝ արհեստական շնչառությամբ։ 1997 թվականին ծնված զինծառայող Յուրի Զաքարյանը ևս ստացել է գլխի հրազենային վիրավորում։



loading...