Արցախի կառավարությունը ֆինանսական աջակցություն կցուցաբերի զինծառայողներին՝ բնակարանային խնդիրների լուծման հարցում


Արցախի կառավարությունը ֆինանսական աջակցություն կցուցաբերի զինծառայողներին՝ բնակարանային խնդիրների լուծման հարցում
Հունիս 22 17:20 2017

Հունիսի 22-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության հերթական նիստը՝ վարչապետ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ:

Նիստում հավանության է արժանացել ««Էներգետիկայի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Լիցենզավորման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և ««Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԼՂՀ օրենքների նախագծերի փաթեթը: Ներկայացված օրինագծով, մասնավորապես, առաջարկվում է տրամադրել մեկ՝ էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա, որի մեջ կներառվի Էլեկտրաէներգետիկական համակարգում նոր արտադրական հզորությունների կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածը: Դրանով կթեթևանա փաստաթղթաշրջանառությունը, և երկուսի փոխարեն մեկ լիցենզիա ստանալու ժամանակահատվածը կկրճատվի 120 օրից մինչև 60 օր:

Վարչապետը նշել է, որ այսօր հիդրոէներգետիկայում առկա է ակտիվ ներդրումային հոսք, և կառավարությունը նախատեսում է բնագավառի ամբողջ ներուժը յուրացնել առաջիկա տարիներին: «Հիդրոէներգետիկայում մեր թիրախային ծավալը տարեկան մոտ 700 մլն կիլովատ/ժամն է, ինչը ներկայումս արտադրվող ծավալի կրկնապատիկն է: Նոր ՀԷԿ-երի կառուցմանը զուգահեռ, այժմ ամբողջ համակարգը արդիականացնելու խնդիր ունենք, որը պահանջում է հսկայական միջոցներ: Մեր նպատակն է ունենալ ժամանակակից էներգահամակարգ՝ և՛ արտադրության, և՛ տեղափոխման, և՛ բաշխման առումով: Այդ ճանապարհին կարևոր քայլ կդառնա «Արցախէներգո» ՓԲԸ-ի մասնավորեցումը, որի մրցույթի վերաբերյալ հայտարարությունը կհրապարակենք առաջիկա օրերին»,- ընդգծել է Ա. Հարությունյանը:

Գործադիր մարմինը հաստատել է էլեկտրական էներգիայի բաշխման համակարգում էլեկտրական էներգիայի ապօրինի սպառման դեպքերում սպառված էլեկտրական էներգիայի քանակի հաշվարկման մեթոդիկան, ինչը հնարավորություն կստեղծի վերականգնել ապօրինի սպառման հետևանքով կրած վնասները՝ նախագծով սահմանված բանաձևի կիրառմամբ:

Սահմանադրության պահանջներից ելնելով՝ գործադիր մարմինը հանդես է եկել մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախաձեռնությամբ: Մասնավորապես՝ հավանության են արժանացել «Հաշվեքննիչ պալատի մասին», ««ԼՂՀ բյուջետային համակարգի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Գանձապետական համակարգի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Հանրային ծառայության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Աուդիտորական գործունեության մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին», ««Դատախազության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««ԼՂՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «ԼՂՀ ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», ««Կուսակցությունների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և ««Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքների նախագծերի, ինչպես նաև Արցախի Հանրապետության դատական օրենսգրքի և «ԼՂՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «ԼՂՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «ԼՂՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և ««Դատական ծառայության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթները:

Կառավարության հավանությանն են արժանացել նաև ««Պետական կենսաթոշակների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ԼՂՀ օրենքների նախագծերը: Օրինագծերը համապատասխան ընթացակարգով կներկայացվեն ԱԺ-ի քննարկմանը:

««Պետական կենսաթոշակների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի առաջարկությունները պայմանավորված են իրավակիրառման ընթացքում առաջացած խնդիրների լուծման անհրաժեշտությամբ: Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է կենսաթոշակ նշանակելու համար օրենքով սահմանված աշխատանքային ստաժի առկայության դեպքում 1992 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 1994 թվականի մայիսի 1-ը ԼՂՀ զինված ուժերում զինծառայության, ինչպես նաև 1988 թվականի հունվարի 1-ից մինչև 1990 թվականի դեկտեմբերի 1-ը Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքներին զինծառայողների մասնակցության ժամանակահատվածները աշխատանքային ստաժում հաշվառել մեկուկես չափով: Բացի այդ, առաջարկվում է սահմանել, որ ԽՍՀՄ և ԼՂՀ ուժային մարմիններում զինվորական ծառայության ժամանակահատվածները անձի աշխատանքային ստաժում հաշվառվեն անկախ պարտադիր կենսաթոշակային սոցիալական ապահովագրության ենթակա լինելու և սոցիալական վճար կատարելու հանգամանքից:

Կառավարությունը որոշել է 2018 թվականի հունվարի 1-ից բնակարան կամ բնակելի տուն գնել կամ բնակելի տուն կառուցել հինգ և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների համար: Միաժամանակ բնակարան կամ բնակելի տուն գնելու կամ բնակելի տուն կառուցելու իրավունք են ստանում նաև 2016 թվականի հունվարի 1-ից մինչև 2018 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում հինգ և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները: Ծրագրից օգտվելու առաջնահերթությունը կտրվի այն ընտանիքներին, որոնցում ծնողներից մեկը կամ նրա ծնողը զինվորական հաշմանդամություն ունեցող 1-ին խմբի հաշմանդամ է կամ զոհվել (մահացել) է ԱՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու ժամանակ և կամ զինվորական ծառայության ընթացքում ծառայողական պարտականությունները կատարելիս, կամ երեխաների միակ ծնողը մահացել է, կամ երեխաները մնացել են առանց ծնողական խնամքի: Նույն որոշմամբ հաստատվել է, որ բնակարան կամ բնակելի տուն կգնվի կամ բնակելի տուն կկառուցվի որոշման ընդունման պահից 3 տարվա ընթացքում, իսկ 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ և մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը հինգ և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների համար՝ 5 տարվա ընթացքում:

Կառավարությունը որոշում է կայացրել իր 2014թ. դեկտեմբերի 23-ի N 889-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, ըստ որի՝ հանրապետության զինված ուժերի սպայական կազմի և մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողներին, բնակարան, բնակելի տուն ձեռք բերելու և (կամ) վերանորոգելու դեպքում, կտրվի պետական ֆինանսական աջակցություն՝ հիփոթեքային վարկի տոկոսագումարի սուբսիդավորման ձևով:

Վարչապետը համապատասխան մարմինների ղեկավարներին հանձնարարել է ուսումնասիրություն կատարել՝ մյուս ուժային կառույցների աշխատակիցներին ևս ծրագրում հետագայում ընդգրկելու նպատակով:

Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ Մարտակերտի շրջանի Թալիշ, Մատաղիս, Տոնաշեն գյուղական համայնքներում փաստացի բնակվող անձանց՝ բնակարանում, բնակելի տանը օգտագործած էլեկտրաէներգիայի դիմաց, պետական բյուջեի միջոցների հաշվին կտրամադրվի ֆինանսական աջակցություն՝ սույն թվականի մայիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը փաստացի բնակվող յուրաքանչյուր անձի դիմաց ամսական 78 կիլովատ/ժամ էլեկտրաէներգիայի փոխհատուցում:

Գործադիր մարմնի որոշմամբ բժշկասոցիալական փորձաքննության իրականացման ընթացքում անձի կամ նրա ներկայացուցչի գրավոր պահանջի դեպքում նրանց պետք է տրամադրել վարչական վարույթի պատճենը: Միաժամանակ, նախատեսվում է հաշմանդամի վերականգնողական անհատական ծրագիրը տարածքային մարմին ուղարկել էլեկտրոնային եղանակով, ինչը հնարավոր է ապահովել նախարարության և տարածքային մարմինների միջև գործող ներքին ցանցի միջոցով:

Կառավարության որոշմամբ լրացվել է հանրապետությունում իրականացվող բժշկական օգնության և սպասարկման տեսակների ցանկը: Նիստում հաստատվել են դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման կարգն ու այդ գովազդին ներկայացվող պահանջները:

Մեկ այլ որոշմամբ հավանության է արժանացել վարորդի սթափության վիճակի զննության կարգը և հաստատվել այդ զննության արձանագրության և գրանցման մատյանի ձևերը: Նույն որոշմամբ առավել հստակեցվել է տրանսպորտային միջոցների հաշվառման գործընթացը:

Գործադիր մարմինը նիստում սահմանել է մետաղական օգտակար հանածոների փորձանմուշները հսկողական անալիզի ենթարկելու և բուսական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման կարգերը: