Շահեն Հարությունյանի վերաբերյալ մի քանի գործերը կքննվեն մեկ վարույթում


Շահեն Հարությունյանի վերաբերյալ մի քանի գործերը կքննվեն մեկ վարույթում
Հունիս 22 16:09 2017

2017 թ. հունիսի 22-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Ա. Դիլանյանի, նշանակված էր Շահեն Հարությունյանին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով Երևանի քաղաքապետարանի հերթական հայցի քննությունը: Այս մասին հայտնում է ՀՔԱՎ գրասենյակը:

Հիշեցնենք՝ Երևանի քաղաքապետարանը պահանջում է պատասխանատվության ենթարկել Շահեն Հարությունյանին՝ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1 հոդվածի 1-ին մասով՝ առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու 2017 թվականի մարտի 19-ին հավաքներ և երթեր անցկացնելու համար: Քաղաքապետարանը նույն պահանջով 4 տարբեր հայցեր է ներկայացրել, և դրանցից առաջինի քննության շրջանակում 2017 թ. հունիսի 20-ին Շ. Հարությունյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը միջնորդեց դրանք միացնել մեկ վարույթում, քանի որ բոլորի հիմքում նույն պահանջն է:

Այսօր կայացած դատական նիստի ընթացքում դատավոր Ա. Դիլանյանը տեղեկացրեց, որ ստացվել է ՀՀ Վարչական դատարանի դատավոր Կ. Զարիկյանի զեկուցագիրն այն մասին, որ անհրաժեշտ է ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 82-րդ հոդվածի 1-ին մասի կարգով իր վարույթում քննվող գործը միավորել դատավոր Ա. Դիլանյանի վարույթում քննվող գործի հետ, որպեսզի հնարավոր լինի պարզել դրանց փոխկապակցվածությունը և ճիշտ որակել կատարված իրավախախտումը:

Դատավոր Ա. Դիլանյանը նշեց, որ դատարանը գործերը միավորելու վերաբերյալ զեկուցագիրը հիմնավոր է համարում, և դատական նիստը հայտարարվեց փակված: