Բաքվում սկսվել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի դատավարությունը


Բաքվում սկսվել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի դատավարությունը
Հունիս 22 15:05 2017

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում սկսվել է Ադրբեջանում կալանքի մեջ գտնվող բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով դատավարությունը: ԱՊԱ-ն հայտնում է, որ նախագահող դատավորն է Ալովսաթ Աբասովը:

Քրեական գործի նախաքննությունը, որը Լապշինի դեմ հարուցվել էր 281.2 հոդվածով (Պետության դեմ հրապարակային կոչեր) եւ 318.2 հոդվածով (պետական սահմանի ապօրինի հատում), արդեն ավարտվել է: Վաղը տեղի կունենա դատական նախապատրաստական նիստը:

Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է 2016-ի դեկտեմբերին Մինսկում՝ Ադրբեջանի պահանջով, որտեղ նա ներառված է «սեւ ցուցակում» ԼՂՀ այցելության համար։ Նման անձանց մուտքն Ադրբեջան արգելվում է, Լապշինը, սակայն, 2015-ին Վրաստանի տարածքով եւ Ուկրաինայի քաղաքացու անձնագրով մտել էր Ադրբեջան այն բանի շնորհիվ, որ նրա անվան գրության մեջ տառի տարբերություն կա։ Ուկրաինական անձնագրում գրված է «Օլեկսանդր»։ Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի նկատմամբ հետախուզում էր հայտարարել՝ «Պետական սահմանի մասին» օրենքը խախտելու համար:

Հունվարի 17-ին Բելառուսի դատախազությունը որոշել էր բավարարել Ադրբեջանի պահանջը եւ արտահանձնել Լապշինին Ադրբեջանին։ Իսկ հունվարի 26-ին Մինսկի դատարանը մերժել էր Լապշինի փաստաբանների բողոքը:

Փետրվարի 7-ի երեկոյան Ալեքսանդր Լապշինին Բաքու են տեղափոխել: