Անտերություն. 900 աշակերտ ունեցող դպրոցը ծվարել է տարածքի կեսում. ահազանգում է Բախշյանը


Անտերություն. 900 աշակերտ ունեցող դպրոցը ծվարել է տարածքի կեսում. ահազանգում է Բախշյանը
Հունիս 22 14:21 2017

ՀՀ Կառավարությունը մի կողմից քամուն է տալիս պետբյուջեն, մյուս կողմից՝ կրճատում աշխատատեղերը՝ բյուջեն լցնելու նպատակով: Այս մասին հայտարարություն է տարածել Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«2015թ. պետբյուջեի «Կրթական օբյեկտների հիմնանորոգում» ծախսային ծրագրով նախատեսվել է Երեւանի 5 դպրոցների հիմնանորոգում, որոնց թվում է Երեւանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի թ.191 հիմնական դպրոցը, որի կապալառու կազմակերպությունն է եղել «Կանժիլստրոյ» ՍՊԸ-ն: Հիմնանորոգումը սկսվել է 29.01.2015թ., հատկացվել է 321մլն 621.հազար դրամ եւ 2016-2018 թթ. ՀՀ կառավարության միջնաժամկետ ծրագրով նախատեսվել էր ավարտել 2016-ին:

Արդեն 2017 թվականն ենք, սակայն դպրոցի վիճակը շատ տխուր է, որովհետեւ հիմնանորոգումը վաղուց դադարեցվել է, շինարարները կիսատ թողել գնացել են ու 2 տարի է չեն երեւում դպրոցում:

Մի մասնաշենքն առանց տանիքի է ու պատերը գաջել են առանց տանիքի, այսինքն ներդրված գումարն արդեն անձրեւը տարել է: Այս մասին նամակ եմ գրել նաեւ Երեւանի քաղաքապետին, քանի որ դպրոցը քաղաքապետարանի ենթակայության տակ է եւ Երեւանի մասին ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 1-ին կետով Երեւանի քաղաքապետը կազմակերպում է Երեւանի ենթակայության դպրոցների, մանկապարտեզների, ակումբների, մշակույթի տների, գրադարանների, կրթական եւ մշակութային այլ կազմակերպությունների գործունեությունը, դրանց շահագործման եւ նորոգման աշխատանքները:

Փաստորեն կառավարության ծրագիրը չի կատարվել, հայտնի չէ, գումարը ծախսվե՞լ է կամ ո՞ւր է: 900 աշակերտ ունեցող դպրոցը ծվարել է տարածքի կեսում եւ ստիպված որոշ դասարանների երեխաներ 2-րդ հերթով են հաճախում դպրոց, իսկ ՀՀ վարչապետը դպրոցների տնօրեններից պահանջում է վերացնել 2-րդ հերթը: Այս դպրոցի պարագում 2-րդ հերթը վերացնելը պետք է պահանջել ՀՀ կառավարությունից:

Անտերություն, ո՞վ է պատասխանատու այս անտերության համար. ՀՀ կառավարությունը: