Սթիվեն Հոքինգն ասել է՝ երբ մարդկությունը պետք է լքի Երկիրը


Սթիվեն Հոքինգն ասել է՝ երբ մարդկությունը պետք է լքի Երկիրը
Հունիս 22 12:13 2017

Բրիտանացի հայտնի աստղաֆիզիկոս Սթիվեն Հոքինգը Նորվեգիայում Starmus IV գիտության և արվեստների միջազգային փառատոնի շրջանակում ունեցած ելույթի ժամանակ հայտնել է, որ մարդկությունն առաջիկա 30-50 տարվա ընթացքում պետք է գաղութացնի Մարսն ու Լուսինը:

Ինչպես հայտնում է The Telegraph-ը, Հոքինգն ընդգծել է, որ մարդկության կործանումը երկնաքարի ընկնելուց, կլիմայական կատակլիզմներից ու գերբնակեցվածությունից զուտ ժամանակի հարց է: Ուստի՝ պրոֆեսորը կոչ է արել հնարավորինս արագ լքել Երկիրը:

«Վստահ եմ, որ մարդիկ պետք է լքեն Երկիրը: Մոլորակի վրա գնալով ավելի քիչ տեղ է մնում մեզ համար, մեր ֆիզիկական պաշարները շատ արագ սպառվում են»,-հավելել է Հոքինգը:

Աստղաֆիզիկոսի կարծիքով՝ առաջիկա 30 տարվա ընթացքում անհրաժեշտ է Լուսնի վրա կայան հիմնել, ինչին պետք է հաջորդի Մարսի գաղութացումը: Դրա համար Հոքինգը «հատկացրել» է 50 տարի:

Նա նշել է, որ մարդիկ այլ մոլորակ տեղափոխվելիս պետք է իրենց հետ վերցնեն տարբեր տեսակի բույսեր, կենդանիներ, սնկեր ու միջատներ:

Միևնույն ժամանակ, Հոքինգն առաջարկել է չսահմանափակվել Արեգակնային համակարգի մոլորակներով ու գնալ դրանց սահմաններից դուրս՝ հասնելով Ալֆա Կենտավրոս, որտեղ, գիտնականների կարծիքով, կա կյանքի համար նպաստավոր պայմաններ ունեցող Proxima b մոլորակը: