Թան էլ չէ՝ փրթած մածուն. «Ելք»-ը դեմ է քվեարկելու կառավարության ծրագրին


Թան էլ չէ՝ փրթած մածուն. «Ելք»-ը դեմ է քվեարկելու կառավարության ծրագրին
Հունիս 22 11:33 2017

Կառավարության ծրագրից իմացանք, որ դրա տերը և պատասխանատուն ոչ թե կառավարությունն է՝ ի դեմս Կարեն Կարապետյանի, այլ ՀՀԿ-ն է, կուսակցությունն է, ՀՅԴ-ն է: Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, ԱԺ-ում հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կառավարության ներկայացրած 2017-2022 թթ. ծրագրին։

Փաշինյանը հիշեցրեց, որ 2012-2017թթ կառավարության ծրագիրը, ուր գրված է, թե կրթությունը հասանելի դարձնելու նպատակով անվճար կրթություն է ապահովվելու անապահով խավերի համար։

«Ինչպես ասում են, թան էլ չէ՝ փրթած մածուն», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ իշխանությունները պատեհ-անպատեհ խոսում և հիշեցնում են Իսկանդեր համակարգերի մասին:

«Սկսել են սպառնալ, բայց կա մի պարզ արձանագրում, Իսկանդերը տարածաշրջանային ռազմական զսպման գործիք է։ Եվ եթե դու անընդհատ ասում ես դրա մասին, նշանակում է, որ այդ գործիքն իր նպատակին չի ծառայել։ Ու, այո՛, այս իշխանությունն առաջին անգամ հրադադարի հաստատումից հետո տարածք է զիջել Ադրբեջանին։ Անվտանգությո՞ւն, ինչ անվտանգության մասին են խոսում, ամեն շաբաթ զոհերի՞, հեկտար-հեկտար տարածքների կորցնելո՞ւ։ Հանկարծ չփորձեք նախկին պաշտոնյաների վրա գցել։ Էդ որ ասում եք, թե առաջնագիծը կահավորվել է, ինչո՞վ է կահավորվել, մարդկանց նվիրատվություններով։ Այդ նվիրատվությունների 70-90 տոկոսն արվել է Հայաստանի պետական համակարգի պաշտոնյաների աշխատավարձերը պահելով»,-ասաց Փաշինյանը:

Ըստ նրա՝ սա նշանակում է, որ այս իշխանությունն ընդհանրապես սպառել է վստահության բոլոր ռեսուրսները։ Փաշինյանի խոսքով՝  էլի ու էլի պրոցեսները տարվում են այնպես, որ այս կառավարությունը և անձամբ վարչապետը նախորդ բոլոր կառավարությունների վրա քավության նոխազի դերում լինի, վերջում ասեն, վա՜յ, չեղավ։

«Թիվ մեկ պատասխանատուն ո՛չ Կարեն Կարապետյանն է, ո՛չ Տիգրան Սարգսյանը, ոչ Հովիկ Աբրահամյանը։ Պատասխանատուն Սերժ Սարգսյանն է, և նա պետք է կրի իր պատասախանատվությունը։ Այնուամենայնիվ, գնդակը հանրության դաշտում է և այդ սցենարը կձախողվի միայն մի պարագայում, եթե Հանրապետականը տեսնի, որ ժողովուրդը դուրս կգա փողոց և թույլ չի տա խայտառակ այդ գործընթացը», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Ելք»-ի ղեկավարն ասաց, որ դեմ են քվեարկելու կառավարության ծրագրին։

«Եթե այս ծրագիրը լիներ կառավարության ծրագիրը, մի տեղ կարելի էր քննարկել, գումարել, հանել, բազմապատկել, բայց քանի որ սա Հանրապետական կուսակցության և Սերժ Սարգսյանի ծրագիրն է, մենք միանշանակորեն և աներկբա դեմ ենք քվեարկելու», -եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։



loading...