Աղվան Վարդանյանը կառավարությանը պահանջներ ներկայացրեց


Աղվան Վարդանյանը կառավարությանը պահանջներ ներկայացրեց
Հունիս 22 11:00 2017

ՀՀ կառավարության նոր ծրագիրը ոլորտ առ ոլորտ հարկ եղածից էլ ավելի մանրակրկիտ է: Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին,  ԱԺ-ում հայտարարեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:

«Քաղաքացին, քաղաքական ուժերը կարող են հետևել ծրագրի իրականացման ժամանակագրությանն ու ցանկության դեպքում` արածի ու չարածի հաշվետվություն պահանջել», - նշեց նա: Ըստ Վարդանյանի՝ ծրագրի առանցքը լայնամասշտաբ բարեփոխումներն են:

«Արմատական բարեփոխումները հանրության որոշ շերտերի համար կարող են ցավոտ լինել: Եթե կառավարությունը կարողանա հանրության գոնե մի մասի մոտ կոնկրետ ծրագրերով լավատեսություն, վաղվա օրվա հանդեպ հավատ ներշնչել` հասարակության առողջ հատվածը կմասնակցի բարեփոխումներին», - ասաց պատգամավորը:

Վարդանյանը կառավարությանը մի քանի պահանջներ ներկայացրեց. «Կառավարությունից պահանջում եմ հատուկ ուշադրություն դարձնել այս հանգամանքին` ասում եք` կոռուպցիայի և մենաշնորհի դեմ պայքարելու եք, պետք է գործնական քայլերով ապացուցեք, ասում եք` արտոնյալներ, հովանավորյալներ չեն լինելու, դարձյալ պետք է գործնականում ապացուցեք: Շոուները, խարդավանքները, մամուլով ներիշխանական շանտաժները վիճակ չեն փոխելու: Գործով` առանց աջ ու ձախ նայելու, առաջ գնալն այլընտրանք չունի»:

Նշենք, որ ԱԺ-ն այսօր՝ հունիսի 22-ին, շարունակում է Կառավարության ծրագրի քննարկումները: Այսօր պատգամավորները շարունակելու են ելույթները: Ապրիլին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորվեց նոր կառավարություն, որը երկրի օրենսդրության համաձայն պետք է նոր ծրագիր ներկայացնի ԱԺ-ում: