Ալեքսանյանին կարելի է, Պողոսյանին՝ ո՞չ


Ալեքսանյանին կարելի է, Պողոսյանին՝ ո՞չ
Հունիս 22 10:48 2017

Օրերս վարչապետ Կարեն Կարապետյանը աշխատանքային այց էր կատարել Ալեքս գրուպ տեքստիլ ձեռնարկություն, որտեղ նա քննարկել է տեքստիլի զարգացման հեռանկարը: Ընկերությունը պատկանում է Սամվել Ալեքսանյանին, իսկ Ալեքսանյանն էլ ուղեկցում էր Կարեն Կարապետյանին: Ընդ որում, կառավարության պաշտոնական կայքեջում նախ եղել է դա պատկերող լուսանկար, հետո Սամվել Ալեքսանյանի լուսանկարը հեռացվել է, եւ մնացյալ լուսանկարներում Ալեքսանյանը «խնամքով» չէր երեւում:

Թե ինչու էին կառավարության կայքից հեռացվել Ալեքսանյանի լուսանկարները չի պարզաբանվել: Ի դեպ ավելի վաղ Ալեքս գրուպ տեքստիլ այցելել էր նաեւ Սերժ Սարգսյանը, ում ուղեկցում էր Տնտեսական զարգացումների եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: Այսօր ԱԺ-ում լրագրողները նախարար Կարայանից հետաքրքրվեցին, թե եթե Սամվել Ալեքսանյանը հայտարարում է, որ ձեռնարկությունն իրեն չի պատկանում, ապա ինչու՞ էր ուղեկցում վարչապետին: «Կարեն Կարապետյանին ուղեկցում էր Սամվել Ալեքսանյանի աղջիկը, որը այդ կազմակերպության սեփականատերն է»,- նշեց Կարայանը: Հարցին, թե որպես ոլորտը համակարգող նախարար, չեք տեսնում հակասություն օրենքում, որ պատգամավորը նաեւ գործարարությամբ է զբաղվում, նախարարը պատասխանեց. «Իրա աղջկա կազմակերպությունն է, ներկա է եղել»,- ասաց նա:

Սուրեն Կարայանը անպատասխան թողեց այն  հարցը, թե հնարավոր է առաջիկայում էլ այցելել Քեթրին ընկերություն եւ այնտեղ «պատահաբար» տեսնեն ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանին: Նշենք, որ այդ ընկերությունը պատկանում է Պողոսյան Միհրանին, իսկ վերջինս բնականաբար հերքում է:

Ի դեպ նրա անվան հետ կապվող Քեթրին գրուպ օրերս այցելել էր ՊԵԿ զինված խումբը եւ առգրավել տարբեր նյութեր, համակարգիչներ: