Ադրբեջանում գերեվարված «հայ դիվերսանտ»-ի սենսացիոն հայերենը. նա ծնվել է 1874-ին (տեսանյութ)


Ադրբեջանում գերեվարված «հայ դիվերսանտ»-ի սենսացիոն հայերենը. նա ծնվել է 1874-ին (տեսանյութ)
Հունիս 21 18:51 2017

Ադրբեջանական ՊՆ-ի կողմից նույն երկրի ԶԼՄ-ներով տարածված «հայ դիվերսանտ» ներկայացվող անձը զինծառայող չէ: Այս մասին հայտարարել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Հայկական զինված ուժերը որեւէ դիվերսիա չի իրականացրել եւ որեւէ դիվերսանտի կորուստ չունի: Իսկ այդ թատրոնը, որն Ադրբեջանի կողմից ներկայացվեց, առաջին անգամ չէ, որ իրականացվում է»,- ասաց նա:

Ավելի վաղ, «ԱՊԱ» գործակալությունը տեղեկատվություն էր տարածել այն մասին, որ հունիսի 20-ին հայ-ադրբեջանական շփման գծում Հայաստանի Զինված ուժերի դիվերսիոն մի խմբավորում փորձել է անցնել Ադրբեջանի ԶՈւ պաշտպանական գիծը, «սակայն ժամանակին ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայկական կողմը հետ է քաշվել՝ տալով կորուստներ, եւ հայկական կողմից կա գերի»:

Այնուհետեւ Ադրբեջանի ՊՆ-ն հոդված եւ դրան կից տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացրել է «հունիսի 20-ին ձերբակալված հայ դիվերսանտին», ով ներկայանում է որպես Զավեն Հովհաննեսի Կարապետյան (ծնված 1974 թ.):

Սա որպես ապատեղեկատվություն էր գնահատել նաեւ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը: «Դա ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունն է»,- ասել է նա:

Հատկանշական է, որ Ադրբեջանի ՊՆ-ի տարածած տեսանյութում պայմանական «դիվերսանտին» հարցեր ուղղող ադրբեջանցի զինծառայողն եւ պատասխանողը նույն «ակցենտով» են հայերեն խոսում: Նրանք զարմանալիորեն նման են խոսում հայերեն: Նրանց խոսքում ընդգծված է ադրբեջանական արտահայտչաձեւը:

«Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը նշում է, որ հունիսի 21-ի առավոտից սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում տարածվել է տեղեկություն, թե սահմանը հատել է Հայաստանի բնակիչ:

Նա ենթադրեց, որ քաղաքացին, նախնական տեղեկություններով, Բերդավան բնակավայրի կողմից հատել է հայ-ադրբեջանական սահմանը: «Ադրբեջանն արդեն երեկ ասաց, թե հայերի դիվերսիոն ներթափանցման փորձ է եղել, ինչը հերքվեց»,- հիշեցրեց նա:

Վրթանեսյանը նաեւ հավելեց, թե սահմանը հատած հային չեն կարողանում ՀՀ-ում գտնել, քանի որ այդ սահմանի գյուղերից մարդ չի պակասել, կորածներ չկան: «Գյուղերից տեղեկացնում են, որ իրենց մոտ մարդ չի կորել, կորելու մասին չեն բարձրաձայնում»,- նշել է նա:

Ստորեւ ներկայացնում ենք Ադրբեջանի ՊՆ-ի տարածած տեսանյութը, որտեղ գերու եւ հարցաքննող ադրբեջանցու «հայերենները» գրեթե չեն տարբերվում:

 

 



loading...