Մավրը արել է իր գործը, մավրը պետք է հեռանա. Փաշինյանը՝ Կարապետյանին


Մավրը արել է իր գործը, մավրը պետք է հեռանա. Փաշինյանը՝ Կարապետյանին
Հունիս 21 16:33 2017

2017-2022 թվականների Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ամփոփից ելույթով հանդես եկավ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ ծրագիրը ներկայացված է այն ժամանակաշրջանի համար, երբ լինելու է «իշխանության տրանսֆորմացիան»: «2018-ի ապրիլից ուժի մեջ է մտնելու կառավարման խորհրդարանական մոդելը, քաղաքական գլխավոր հարցը հետևյալն է՝ արդյոք վարչապետ Կարեն Կարապետյանը հավակնո՞ւմ է թիվ մեկ պաշտոնյայի՝ վարչապետի կարգավիճակում լինել։ Խաչաձև հարցման արդյունքում Կարեն Կարապետյանն ասաց, որ պատրաստ է լինել վարչապետ, սա ինչ-որ պատասխան է, բայց ընդամենը 10 տոկոսով է։ Ի՞նչ է լինելու եթե պարզվի, որ Սերժ Սարգսյանն էլ պատրաստ այդ կարգավիճակին կամ պատրաստ է, որ օրինակ Վիգեն Սարգսյանը ստանձնի այդ պաշտոնը»,-նշեց Փաշինյանը:

Ըստ նրա՝ մայիսի 18-ին խորհրդարանում հնչեցված Սերժ Սարգսյանի ելույթը ոչ թե «հեռացող նախագահի ելույթ էր, այլ մոտեցող վարչապետի», իսկ կարմիր թելի նման հստակ անցնում են իշխող ՀՀԿ-ականների ակնարկները, որ վարչապետի պաշտոնում տեսնում են Սերժ Սարգսյանին։ «ՀՀԿ խոսնակն ասում է՝ Կառավարության ծրագիրը հիմնված է այս, այն ելույթի վրա, նույնիսկ վարչապետի անունը չտրվեց։ Գործող վարչապետը 2017-ի ընտրություններից առաջ ՀՀԿ-ի շարքերը մտնելով, իր նոր կերպարով, նոր անձի ֆակտորով պոզիտիվ ֆոն ստեղծեց Սերժ Սարգսյանի վերարտադրման համար»,-ասաց Փաշինյանը՝ ընգծելով, որ Կարեն Կարապետյանը մեծ ներդրում ունեցավ նաև խորհրդարանական ըն տրությունների քարոզարշավի ժամանակ։ Ըստ պատգամավորի՝ այժմ Կարեն Կարապետյանը կանգնած է «քաղաքական ֆիասկոյի առջև», Փաշինյանը ցույց տալով ձեռքի ափը հայտարարեց, որ մատների վրա կարելի է հաշվել Կարեն Կարապետյանի թիմակիցներին․ «Այս ամեն ինչ շատ նման է նրան, որ ոչ թե Կարեն Կարապետյանի Կառավարության ծրագրի հաստատմանն ենք ներկա, այլ Կարեն Կարապետյանի՝ հրաժեշտի մեկնարկի գործընթացին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀԿ-ականների ակնարկները նման են «մավրը արել է իր գործը, մավրը պետք է հեռանա»։

Փաշինյանի խոսքով՝ կարևոր է վարչապետը երկու հարցի հստակ պատասխանի՝ արդյոք ինքը պատրա՞ստ է Սերժ Սարգսյանի կամ Վիգեն Սարգսյանի Կառավարությունում տարածքային կառավարման կամ Ֆինանսների նախարարի լինել»,-հարցրեց նա։ Փաշինյանի համար անհասկանալի է, թե ինչո՞ւ է ՀՀԿ-ն գաղտնի պահում 2018-ից հետո վարչապետի թեկնածուի անունը, քանի որ «քաղաքական պրոցեսները չի կարելի մաֆիա խաղի կանոններով տանել»։ Ապա անդրադառնալով Կարապետյանի խոսքին, թե պատրաստ է լինել վարչապետ, հայտարարեց, որ «արդեն մի հոգի կա, որ հավակնում է այդ պաշտոնին՞», ապա դիմելով ՀՀԿ-ին հարցրեց՝ էլ ո՞վ է ձեզնից պատրաստ։

Տեղից արձագանքեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ կոչ անելով, որ «Ելք»-ն իր թեկնածուի մասին մտածի։ Փաշինյանն արձագանքեց, որ երբ ժամանակը գա, կասեն իրենց թեկնածուի անունը, ապա հավելեց, որ քննարկումն իմաստ կունենա այն ժամանակ, երբ Կարեն Կարապետյանը հստակեցնի՝ ինչ պայմանավորվածություն ունի Սերժ Սարգսյանի հետ։