2018-ի ինտրիգը. Շարմազանովը բացեց փակագծերը


2018-ի ինտրիգը. Շարմազանովը բացեց փակագծերը
Հունիս 21 16:01 2017

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր ԱԺ-ում Կառավարության ծրագրի ներկայացման վերաբերյալ արտահերթ ելույթից առաջ նախ նշեց, որ սա ամենագլխավոր քաղաքական փաստաթուղթն է, ուստի իր ելույթն էլ քաղաքական ուղղվածություն է ունենալու:

Ապա Շարմազանովը  հիշեցրեց՝ ծրագիրը հիմնված է ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի նախընտրական ծրագրերի ու Սերժ Սարգսյանի՝ մայիսի 18-ին խորհրդարանում ունեցած ելույթի հիմնադրույթների վրա: «Կառավարությունը, որի քաղաքական պատասխանատուն ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն է, ներկայացրել է այս ծրագիրը, որը քննարկել ենք մանրամասն ՀՀԿ խմբակցությունում ու ՀՅԴ-ի գործընկերների հետ ևս»,- նշեց նա` անցնելով ծրագրի հիմնական կետերին:

«Այո, մենք այսօր ունենք բազմաթիվ մարտահրավերներ, և այս ծավալուն փաստաթղթի մեջ հստակ, ուղիղ ներկայացված են այդ մարտահրավերներին դիմակայելու միջոցները: Մենք ունենք մի հանրապետություն, որ, դժբախտաբար, 17 տոկոսանոց թոքերով է շնչում: Ունենք բազում անվտանգության մարտահրավերներ, գումարած ահաբեկչության մարտահրավերը, ուղիղ Հայաստանից մինչև Սիրիա մի քանի հարյուր կիլոմետր է, մենք, որպես քաղաքական իշխանություն, պարտավոր ենք բոլոր բացասական բաները դիտարկել»,- նկատեց ԱԺ փոխխոսնակը:

Շարմազանովը շեշտեց՝ ՀՀ ու Արցախի անվտանգությունը, որ ամենակարևոր հարցն է, ներառված է ծրագրի մեջ: «Պատահական չէ, որ ՀՀԿ-ն գնաց ընտրությունների «Անվտանգություն և առաջընթաց» կարգախոսով»,- ասաց նա:

Շարմազանովն ապա անդրադարձավ նաև ընդդիմադիրների քննադատություններին, թե արտաքին հարաբերությունների, մասնավորապես, Արցախի մասին մի տողով է գրված: «Մի տողով է գրված, բայց շատ դիպուկ, ուղիներն են նշված»,- նշեց նա:

«Իշխանությունը ևս մեկ անգամ վերահաստատում է՝ Արցախի ժողովրդի ճակատագիրն ու ապագան պետք է նախևառաջ որոշի հենց Արցախի բնակչությունը, մենք ջանք չենք խնայելու, որ հասնենք Արցախի Հանրապետության դե յուրե ճանաչման»: Նա ընդգծեց, որ հարևան երկրների, նաև մյուսների հետ հարաբերությունները պետք է զարգացնել:

Ապա ԱԺ փոխնախագահն ասաց, որ Կառավարությունը նաև պայքարելու է կոռուպցիայի դեմ, տարեկան նվազագույնը 5 տոկոս տնտեսական աճ է պատրաստվում ապահովել, 25 տոկոս նվազագույն աշխատավարձի աճ, գործազրկության կրճատում, աղքատության կրճատում 12 տոկոսային կետով:

Շարմազանովն ապա հռետորական հարց ուղղեց՝ բավարա՞ր է, թե՞ ոչ: «Եթե ցանկությունների դաշտից գնանք, մենք ունենք ավելի ցանկություններ, բայց պետք է լինենք իրատեսական ու չգնանք պոպուլիզմի ճանապարհով: Իրատեսակա՞ն են, կարծում եմ՝ այո, մենք պետք է գնանք կոնկրետ գործողությունների»: Նա հիշեցրեց հայտնի խոսքը, թե ոչ բոլոր գործողություններն են հանգեցնում բարեկեցության, ինքը հավելեց՝ որպեսզի հասնենք բարեկեցիկ Հայաստանի, բոլորը պետք է օրուգիշեր աշխատեն իրենց տեղերում:

Մեկ այլ հայտնի խոսք էլ հիշեց՝ արձագանքելով ընդդիմադիրների դժգոհություններին. «Եթե նույնիսկ իշխանությունը գետի վրայով քայլի, կհայտնվեն ընդդիմադիրներ, որոնք կմեղադրեն լողալ չիմանալու մեջ: Այստեղ՝ այս դահլիճում, մենք տարբեր ենք, յուրաքանչյուրս ունենք մեր կուսակցական շահը, տեսլականը, բայց գլխավորում մենք միասնական ենք՝ պաշտպանել ՀՀ ազգային ու պետական շահը և մեր սերունդներին թողնել ավելի արդար, մրցունակ ու ժողովրդավարական Հայաստան»:

Ըստ Շարմազանովի՝ սրան հասնել հնարավոր է, միայն թե աշխատել է պետք:

Ապա խոսելով «Ելքի» պատգամավորների բարձրացրած հարցից, թե ով է լինելու վարչապետ 2018 թվականից հետո, Է. Շարմազանովն ասաց. «Մենք այլևս խորհրդարանական հանրապետություն ենք, իսկ ընտրություններին ժողովուրդը վստահության քվեն տվել է քաղաքական կոալիցիոն ուժերին՝ ՀՀԿ-ին՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ու ՀՅԴ-ին»:

«Հետևաբար, անկախ 2018-ին վարչապետի անձից՝ գործ պետք է ունենաք քաղաքական իշխանության հետ՝ ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի հետ, մեր պարագայում գործ պիտի ունենաք ՀՀԿ-ի հետ՝ նախագահ Սարգսյանի գլխավորությամբ»,- եզրափակեց նա:



loading...