Արամյանը տնային աշխատանքը կատարել է


Արամյանը տնային աշխատանքը կատարել է
Հունիս 21 12:28 2017

«Մենք կատարել ենք տնային աշխատանք, կատարել ենք վերլուծություն մակրոմակարդակում: Հաշվի ենք առել համաշխարհային տենդենցները, հաշվի ենք առել մեր պոտենցիալը, հաշվի են առել բազմաթիվ ցուցանիշներ, ներրդումային ցուցանիշը, արտահանում/ՀՆԱ ցուցանիշը և գնահատել ենք մեր գործողությունների արդյունքը, եթ եմեր ծրագիրն իրագործենք»: Այս մասին  այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը` մեկնաբանելով կառավարության գործունեության ծրագրում դրված ցուցանիշների ցածր լինելը, վերլուծությունների բացակայությունը:

Ըստ Արամյանի` միջազգային կառույցների կողմից Հայաստանի այսօրվա գնահատված տնտեսական աճի պոտենցիալը 3-4% է և, եթե կառավարությունն իր առջև դնում է միջինը 5% տնտեսական ցուցանիշ, դա նշանակում է, որ պետք է շատ ճիշտ գնահատել ստարտային իրավիճակները, թե որտեղ ենք գտնվում և ուր ենք գնալու: «Հետևաբար, միջինում 5 տարվա ընթացքում դա չի նշանակում, որ ֆիքսելու ենք 5%, մի տարի կարող է լինել 4.7%, մյուս տարի ավելի շատ, միջինում ձգտելու ենք 5% ցուցանիշն ապահովենք: Պետք է նաև հաշվի առնենք, որ տարեց տարի 5% աճը նախորդ 5%-ի վրա ապահովելն արդեն տնտեսական լուրջ ձեռքբերում է: Եթե նայեք տնտեսական զարգացումները, ընդ որում` շատ կարևոր է, որ հասկանանք, թե համաշխարհային տնտեսությունը որոտեղ է գտնվում և այդ համատեքստում Հայաստանն ուր է գնում: Պարզ ասած, մենք կառավարության ծրագրում դրել ենք այն մտեցումը, որ ջանքեր ենք գործադրելու, որպեսզի համաշխարհային տնտեսությունից, կամ մեզ հետ առևտուր անող տնտեսություններից շատ ավելի բարձր աճի տեմպեր ունենանք»,- ասաց Արամյանը: 

Դիտարկմանը, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունը 7% աճ էր նպատակադրել, բայց 3%-ն էլ չանցավ, Վ.Արամյանը հակադարձեց, որ ՌԴ-Արևմուտք տնտեսական պատերազմի մեկնարկը 2013-ին ոչ ոք չէր կարող կանխատեսել, և նշեց, որ աշխարհում միշտ էլ ռիսկ կա տարբեր գործոնների ազդեցությամբ հոսքերի փոփոխության, միջազգային շուկաներում հումքի գների փոփոխության և այլն:

«Միշտ էլ կան ռիսկեր, մենք պետք է իրատեսական մոտենանք: Դրա համար, որ խոսում ենք 5%, դա հավասարակշռված ցուցանիշ է և ջանք գոծադրելու պարագայում մեզ համար հասանելի է»,- ասաց ֆինանսների նախարարը: