«Հրապարակ». Տարոն Մարգարյանի թեկնածուական պաշտպանությունից հայտնի «Սաքուլիկը»՝ ՀՊՏՀ քոլեջի տնօրեն


«Հրապարակ». Տարոն Մարգարյանի թեկնածուական պաշտպանությունից հայտնի «Սաքուլիկը»՝ ՀՊՏՀ քոլեջի տնօրեն
Հունիս 21 10:51 2017

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՊՏՀ ռեկտորի հրամանով օրերս բուհի ֆինանսատնտեսագիտական քոլեջի տնօ­րեն է նշանակվել համալսարանի ուսխորհրդի նախագահ Սերգո Խառատյանը: Նա երեք տարի առաջ Տարոն Մարգարյանի թեկնածուականի պաշտպանության ժամանակ աչքի ընկած «սաքուլիկների» խմբի մեջ էր:

Հիշեցնենք, որ «Սաքուլիկ» պիտա­կավորումն ստացած մի խումբ երի­տասարդներ խոչընդոտել էին լրագրողների աշխատանքը՝ թույլ չտալով նրանց մտնել լսարան ու մասնակցել թեկնածուականի պաշտպանությանը: Նրանց մեջ էր նաև Սերգո Խառատյանը: Իսկ գլխավոր «Սաքուլիկը» ժամանակին նշանակվեց բուհի պրոռեկտոր:

Տնտեսագիտականի ռեկտոր Կորյուն Աթոյանն այդ նշանակման կապակցությամբ ասաց, որ Սերգո Խառատյանը տնօրեն չի նշանակվել, այլ երեք ամսով պաշտոնակատար: Հետո պետք է մրցույթ հայտարարվի, նոր կորոշվի, թե ով կընտրվի: Թե ինչու են որոշել հենց նրան նշանակել քոլեջի տնօրենի պաշտոնակատար, հատկապես որ արժանիքի համար, ասաց. «Դե, ում էլ տայի, պիտի զանգեիք-ասեիք՝ ինչի եք իրեն տվել: Հիմա ինչ տարբերություն: Օրինակ՝ Դուք ո՞ւմ եք առաջարկում: Դա ժա­մանակավոր գործ է, մի քանի ամսով, հիմա դրա արժանիքը ո՞րն է»:

Ինչ վերաբերում է նրան, որ Սերգո Խառատյանն աչքի է ընկել սկանդալային միջադեպով, լրագրողների աշխա­տանքը խոչընդոտելով, պարոն Աթոյանն ասաց. «Եթե մի մարդ կյանքում ինչ-որ մի բան… այսինքն՝ նրան ինչ են անում, կախո՞ւմ են, մորթո՞ւմ են, նա էս երկրում ապրելու իրավունք չունի՞: Ամեն մարդ կյանքում ինչ-որ մի բանի մեջ լինում է, հիմա կարե­լի՞ է անընդհատ նույն բանն ասել»:

Նկատեցինք, որ Հայաստանում նման մարդկանց ոչ թե մորթում են, այլ ճիշտ հակառակը՝ պաշտոն են տալիս, Աթոյանն արձագանքեց. «Դե, հիմա, ինքը պաշտոնակատար է երկու-երեք ամսով, կվերջանա՝ կգնա, չի մնա»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:



loading...