«Հրապարակ». Ինչպե՞ս են նախկին պաշտոնյաներն ապրում պաշտոնից դուրս. ճեմում են Հյուսիսային պողոտայում


«Հրապարակ». Ինչպե՞ս են նախկին պաշտոնյաներն ապրում պաշտոնից դուրս. ճեմում են Հյուսիսային պողոտայում
Հունիս 21 08:15 2017

«Հրապարակ» թերթը գրում է. «Հետաքրքիր է տեսնել, թե ինչպես են նախկին պաշտոնյաներն ապրում պաշտոնից դուրս։ Վերջերս, օրինակ, նախկինների հետաքրքիր քառյակի հանդիպեցինք Հյուսիսային պողոտայում․ ազատ ոճի մեջ հագնված, բուռն զրուցելով՝ ճեմում էին գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը, «Հայանտառի» նախկին տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը, նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը եւ գյուղատնտեսության նախարարության ԾԻԳ-ի նախկին պետ Գագիկ Խաչատրյանը։

Նրանք պարբերաբար հավաքվում, զրուցում, զբոսնում են Երեւանի կենտրոնում, երբեմն հանգրվանում «Մետելիցա» սրճարանում։ Այս պաշտոնյաները վերջին փուլի «օպտիմալացվածներն» են։

Ավելի վաղ աշխատանքից ազատված գյուղնախի նախկին պաշտոնյաներից ոմանք, սակայն, արդեն գործ են գտել, մենք տեղեկացանք, որ փոխնախարար Գառնիկ Պետրոսյանն այժմ ՖԱՕ-ի (ՄԱԿ-ի պարենային եւ գյուղատնտեսական կազմակերպություն) խորհրդատուներից է, իսկ Սամվել Գալստյանն աշխատում է «Սպայկա» ընկերությունում։ Հիշեցնենք, որ գյուղատնտեսության փոխնախարարներն ազատվել էին պաշտոնից 2016թ․ հունիսին։ Սամվել Գալստյանը գյուղնախարարի տեղակալ էր նշանակվել 2003-ին, Գառնիկ Պետրոսյանը` 2012-ին: Նրանք հեռացան Կարեն Կարապետյանի օպտիմալացումների արդյունքում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում