Արա Բաբլոյանն ընդունել է Բելգիայի Սենատի անդամ Յորիս Պոշետին


Արա Բաբլոյանն ընդունել է Բելգիայի Սենատի անդամ Յորիս Պոշետին
Հունիս 20 19:33 2017

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 20-ին ընդունել է Բելգիայի Սենատի անդամ Յորիս Պոշետին:

Արա Բաբլոյանը նշել է, որ հայ-բելգիական հարաբերությունները տարեցտարի զարգանում են՝ ամրապնդելով երկու ժողովուրդների բարեկամությունը: Անդրադառնալով Հայաստանի և Բելգիայի միջև առկա հարաբերություններին՝ Արա Բաբլոյանը նշել է, որ դրանք զարգացման մեծ ներուժ ունեն, սակայն փոխշահավետ համագործակցությունը ամբողջովին չի դրսևորվում:

ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեությունը և նշել, որ Հայաստան-Բելգիա բարեկամական խումբն Ազգային ժողովում գործում է 2000 թվականից, իսկ նորընտիր խորհրդարանում շուտով կձևավորվի նոր խումբ:

Արա Բաբլոյանը երախտագիտություն է հայտնել Բելգիայի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ ընդունված բանաձևի համար՝ նշելով, որ դրանով ամբողջացավ Բելգիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը:

ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել Բելգիայի հայկական համայնքի դերը երկկողմ հարաբերությունների ակտիվացման և խորացման հարցում՝ նշելով, որ բելգիահայերն իրենց նպաստն ունեն նաև Բելգիայի զարգացման գործում: Այս համատեքստում ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել հանդիպմանը ներկա Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Գասպար Կարապետյանին հայրենանվեր գործունեության համար:

Արա Բաբլոյանը նշել է, որ Հայաստանն ընթանում է ժողովրդավարության զարգացման ուղիով՝ կոռուպցիայի դեմ պայքարը, խոսքի ազատությունը, մարդու իրավունքների պաշտպանությունն ունենալով որպես ուղենիշ:

Բելգիայի Սենատի անդամ Յորիս Պոշետը նշել է, որ առավոտյան այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և տպավորված է, որ Ցեղասպանություն վերապրած ժողովուրդը, բարոյական կշիռ ունենալով աշխարհում, այսօր պայքարում է մարդու իրավունքների պաշտպանության ու ժողովրդավարության զարգացման համար: Յորիս Պոշետի խոսքով՝ հայ ժողովրդի անցած ճանապարհը ազդակ է կայանալու և պայքարելու համար: