Եվրոպացիների 60%-ից ավելին դեմ է Brexit-ի շուրջ բանակցություններում Լոնդոնին զիջումներ անելուն


Եվրոպացիների 60%-ից ավելին դեմ է Brexit-ի շուրջ բանակցություններում Լոնդոնին զիջումներ անելուն
Հունիս 20 19:16 2017

Եվրոպացիների ավելի քան 60 տոկոսն այն կարծիքին է, որ ԵՄ-ն չպետք է Մեծ Բրիտանիային զիջումներ անի Brexit-ի շուրջ բանակցություններում: Այդ մասին վկայում են հարցման արդյունքները, որը Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտն անցկացրել է Kantar ընկերության հետ համատեղ: Հարցումը կատարվել է երկու խմբերի՝ էլիտայի ներկայացուցիչների (1823 մարդ) և շարքային քաղաքացիների (10 հազար 195) շրջանում՝ Եվրամիության տասը երկրներում: Այսպես, էլիտաների ներկայացուցիչների 68 տոկոսը և շարքային եվրոպացիների 61 տոկոսը հանդես են եկել հօգուտ այն բանի, որ Եվրամիությունը լավ հարաբերություններ պահպանի Միացյալ Թագավորության հետ, բայց նրան լուրջ զիջումներ չանի Brexit-ի շուրջ բանակցություններում: Ընդսմին էլիտաների ներկայացուցիչների 10 տոկոսը և շարքային քաղաքացիների 16 տոկոսը կարծում է, որ ԵՄ-ն ոչ մի զիջման չպետք է գնա՝ նույնիսկ չնայած հարաբերությունների հնարավոր վատացմանը: Ըստ հետազոտության արդյունքների՝ ԵՄ-ի քաղաքացիների միայն երրորդ մասն է (34 տոկոսը) այն կարծիքին, որ իրենց երկիրը շահել է միությանն անդամակցելուց: Մինչդեռ էլիտաների ներկայացուցիչների շրջանում այդ կարծիքին է հարցվածների գրեթե երկու երրորդը (71 տոկոսը): Շարքային քաղաքացիների թվից հարցման մասնակիցների կեսից ավելին նաև կարծում է, որ իրենց երկրում կյանքն ավելի լավ էր քսան տարի առաջ: Հարցումն անցկացվել է 2016 թվականի դեկտեմբերից 2017 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում: Դրան մասնակցել են եվրոպական տասը պետությունների՝ Ավստրիայի, Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Հունգարիայի, Գերմանիայի, Հունաստանի, Իսպանիայի, Իտալիայի, Լեհաստանի և Ֆրանսիայի քաղաքացիները՝ փոխանցում է RIA Novosti-ն։