Ծըգլը, Գաստիկը և Տլեն ցուցմունք են տվել


Ծըգլը, Գաստիկը և Տլեն ցուցմունք են տվել
Հունիս 20 20:39 2017

Այսօր Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է երրորդմասցի Լյովիկի եւ նրա երկու ընկերների սպանության գործով դատական հերթական նիստը:

Նիստում հակիրճ ցուցմունքով հանդես եկան գործով ամբաստանյալները՝ Գաստիկը, Ծըգլը եւ Տլեն: Նրանք  հայտարարեցին, ոթե   սպանություն չեն կատարել եւ առաջադրված մեղադրանքի հետ որեւէ առնչություն չունեն: Մասնավորապես, ամբաստանյալներից Վահան Հակոբյանը (մականունը՝ Գաստիկ) իր ցուցմունքում նշեց. «Ես հանցագործություն չեմ կատարել, սպանություն չեմ կատարել, պարոն դատավոր: Ավելացնելու ոչ մի բան չունեմ: Երբ մեղադրող դատախազ Արամ Արամյանը փորձում էր հարց ուղղել ամբաստանյալին, նա ասաց, որ հրաժարվում է պատասխանել բոլոր հարցերին: Ամբաստանյալներից Սարգիս Հախանումյանը (մականունը՝ Տլե) իր ցուցմունքում նշեց, որ ինքը սպանություն չի կատարել:

Մյուս մեղադրյալը՝ Սարգիս Գրիգորյանը (մականունը՝ Ծըգլ) իր ցուցմունքում նշեց հետեւյալը. «Մենք սպանություն չենք կատարել, ոչ կյանք ենք տվել, ոչ էլ կարանք կյանք խլենք»,- ասաց նա, հրաժարվելով պատասխանել իրեն ուղղված հարցերին:  

 Գործով հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 1-ին:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Վահան Հակոբյանը, Սարգիս Հախանումյանը եւ Սարգիս Գրիգորյանը նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու եւ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինի պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող թվով 3 ինքնաձիգից կրակահերթ են արձակել Լեւոն Ղազարյանի (Երրորդմասցի Լյովիկի,-.), Դրաստամատ Թադեւոսյանի (Դերո մականունով) եւ Մեսրոպ Նազարյանցի (Բարաքցի Մոս) ուղղությամբ: Կրակոցների հետեւանքով ստացված հրազենային վնասվածքներից Մ. Նազարյանցը տեղում, իսկ Լ. Ղազարյանն ու Դ. Թադեւոսյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել են: