Եթե մեր ներկայությունն այլևս անցանկալի է, մենք չենք պարտադրի. Սվիտալսկու ուշագրավ հայտարարությունը


Եթե մեր ներկայությունն այլևս անցանկալի է, մենք չենք պարտադրի. Սվիտալսկու ուշագրավ հայտարարությունը
Հունիս 20 15:54 2017

Եթե Հայաստանում Եվրամիության ներկայությունն այլևս ցանկալի չէ, մենք այն չենք պարտադրի: Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Նա հիշեցրել է , որ ԵՄ-ն Հայաստանի խորհրդարանական ընտրությունների անցկացման գործում մեծ և էական ֆինանսական օգնություն է ապահովել` 7 մլն եվրոյից ավելի:

Դեսպանի խոսքով` արտաքին ֆինանսավորման 90%-ը Հայաստանը ԵՄ-ից է ստացել:

«Եկեք հստակ խոսենք` առանց այս օգնության նոր տեխնոլոգիաները չէին ներդրվի: Սակայն գաղտնիք չէ, որ Հայաստանի ընտրական գործընթացին մեր օգնությունն ավելին է եղել, քան սոսկ տեխնոլոգիաները: Գուցե շատ վաղ է այս մասին հրապարակայնորեն ասել, բայց ես կարծում եմ, որ ֆինանսական չափումն ամենափոքրն է այն ամենից, որ մենք ներդրել ենք Հայաստանում ընտրությունները ավելի բարելավելու համար, քան նախկինում էին: Եվ այս հարցում ես ցանկանում եմ շատ հստակ ընդգծել` մենք սա արել ենք Հայաստանի իշխանություների հրապարակային խնդրանքով: Մենք երբեք չենք ձգտել ինչ-որ բան հարկադրել: Եթե մեր ներկայությունն այլևս անցանկալի է, մենք չենք պարտադրի: Հավատում ենք` այն, ինչ մենք արել ենք, Հայաստանի համար լավ է եղել: Մենք հարգում ենք Հայաստանի ինքնիշխան ընտրությունը: Սիրելի բարեկամներ, ձեր կամքի դեմ ոչինչ չունենք»,- ընդգծել է Սվիտալսկին: