Նախագահականում քննարկվել են Ռուսաստանի հետ հարաբերությունները (լուսանկարներ)


Նախագահականում քննարկվել են Ռուսաստանի հետ հարաբերությունները (լուսանկարներ)
Հունիս 20 15:46 2017

Հանրապետության նախագահի մոտ Հայաստանի արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչին նվիրված հանդիպումների շարքում այսօր անդրադարձ է եղել Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ տնտեսական հարաբերություններին եւ համագործակցության օրակարգին:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ երկկողմ ընթացիկ ծրագրերի կյանքի կոչման, Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների առավել խորացման, հայ-ռուսական բազմոլորտ համագործակցությունը նոր ծրագրերով հարստացնելու ուղղությամբ դեսպանության կողմից իրականացվող աշխատանքների, ինչպես նաեւ երկկողմ օրակարգն առաջ մղելու գործում առկա խնդիրների ու խոչընդոտների մասին Նախագահին զեկուցել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վարդան Տողանյանը:

Հանդիպման սկզբում նշելով, որ այս տարի Հայաստանի Հանրապետությունը եւ Ռուսաստանի Դաշնությունը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, Հանրապետության նախագահը յուրաքանչյուր հոբելյան շատ լավ առիթ է համարել ոչ միայն տոնելու, այլ նաեւ գնահատելու անցած ճանապարհն ու ապագայի համար նախանշելու նոր ծրագրեր: Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ անցած 25 տարիների ընթացքում հաջողվել է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հաստատել ամուր դաշնակցային հարաբերություններ, որոնք հագեցած են բազմաթիվ տնտեսական փոխշահավետ ծրագրերով:

«Ես կարծում եմ, որ առեւտրաշրջանառության այն աճը, որ մենք գրանցել ենք, իսկ 2016 թվականին գրանցել ենք առեւտրաշրջանառության ծավալի շուրջ 15 տոկոսի աճ, նաեւ մեզ համար շատ կարեւոր արտահանման ավելի քան 50 տոկոսի աճ, իհարկե, պայմանավորված է նաեւ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությամբ: Այդ անդամակցությամբ եւ Ռուսաստանի Դաշնության հետ մեր ամուր հարաբերություններով են նաեւ պայմանավորված այսօր Հայաստան մատակարարվող էներգակիրների համար բարենպաստ պայմանները: Ընդհանրապես, կարծում եմ, որ հայ-ռուսական հարաբերություններում առանձնահատուկ հանգամանք կա, եւ դա այն է, որ տնտեսական հարաբերությունները կառուցվել են հիմքում ունենալով ամուր բարեկամական հարաբերություններ:

Ժամանակակից աշխարհում շատ դեպքերում հակառակն է լինում՝ տնտեսական հարաբերություններն են բերում բարեկամական հարաբերությունների: Մեր պարագայում, իրոք, հիմքը բարեկամությունն է, եւ տնտեսական հարաբերություններն ամրապնդում են այն:

Ռուսաստանի Դաշնությունը մեր երկրում ամենամեծ ներդրողն է. ռուսական ներդրումները Հայաստանում կազմում են մեր ընդհանուր ներդրումների 47 տոկոսը, ռուսական կապիտալը ներկայացված է մեր տնտեսության բոլոր ոլորտներում: Ես համարում եմ, որ այսօրվա տնտեսական հարաբերությունները թեեւ արտացոլում են մեր երկրների միջեւ գոյություն ունեցող քաղաքական հարաբերությունների մակարդակը, այնուհանդերձ, այստեղ ունենք բավականաչափ ներուժ, եւ դրա օգտագործումն է, որ պետք է զարգացնի նաեւ մեր տնտեսությունը:

Երկկողմ հարաբերություններում էական դեր ունեն Ռուսաստանի Դաշնությունում բնակվող մեր հայրենակիցները՝ հայկական համայնքը, ովքեր ոչ միայն զարգացնում են Ռուսաստանի տնտեսությունը, այլ նաեւ ներդրումներ են կատարում Հայաստանում, մասնակցում են մեր կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում: Ես համարում եմ, որ վերջին ժամանակահատվածում համագործակցության մի շատ մեծ ոլորտ է ի հայտ եկել, եւ մենք ուղղակի պարտավոր ենք ջանքեր գործադրել այդ ոլորտի զարգացման համար. դա զբոսաշրջության ոլորտն է: Վերջին հինգ ամիսների ընթացքում մեր հանրապետություն այցելած Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների 25 տոկոսով աճ է արձանագրվել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Ես վստահ եմ, որ տարեկան արդյունքը շատ ավելի բարձր է լինելու: Սա շուկա է, որը մենք, անպայման, պետք է օգտագործենք՝ նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ զբոսաշրջությունը ոչ միայն տնտեսություն է, ոչ միայն բիզնես է, այլ երկու ժողովուրդների միջեւ հարաբերություններն ամրապնդելու շատ լուրջ գործոն: Ինչպես ասացի, մեր տնտեսական օրակարգը բավականաչափ հագեցած է՝ մենք մեծ ծավալի ծրագրեր ենք իրականացնում, եւ սրանով բավարարվելն ուղղակի մեր կողմից կլինի անպատեհություն, մեծ սխալ: Եվ հենց այս առիթով ուզում եմ տեսնել, պարո՛ն դեսպան, թե ապագայի համար մենք ի՞նչ ծրագրեր ենք նախանշում, եւ կա՞ն արդյոք խոչընդոտներ, որ պետք է վերացնենք: Այդ խոչընդոտները կարող են լինել տարաբնույթ՝ իրավապայմանագրային դաշտից սկսած մինչեւ երկու կողմից չինովնիկների անպատասխանատու վերաբերմունք»,-ասել է Հանրապետության Նախագահը:

Դեսպան Վարդան Տողանյանը զեկուցել է, որ 2016 թվականին եւ 2017 թվականի առաջին կիսամյակում Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ երկկողմ համագործակցությունը շարունակել է զարգանալ՝ համալրվելով առավել նպատակային ծրագրերով եւ ԵՏՄ անդամակցությամբ պայմանավորված առաջնահերթություններով: Երկու ռազմավարական դաշնակից պետությունների միջեւ խորացող երկխոսության պայմաններում, դեսպանի զեկուցմամբ, դրական առաջընթաց է գրանցվել երկկողմ առեւտրաշրջանառության եւ մասնավորապես՝ հայկական արտադրանքի Ռուսաստան արտահանման ծավալների մեծացման ուղղությամբ, իսկ զբոսաշրջային համագործակցության ոլորտում նոր հեռանկարներ են բացվել՝ պայմանավորված ՌԴ քաղաքացիների ներքին անձնագրերով Հայաստան մուտք գործելու որոշմամբ: Վարդան Տողանյանը նշել է որ երկկողմ օրակարգից անմասն չեն մնացել նաեւ, կրթական փոխանակմանը եւ մշակութային կապերին ուղղված առավել ընդգրկուն ծրագրերը:

«Հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս փուլում, այդուհանդերձ, առկա են որոշ հարցեր, մասնավորապես՝ առեւտրաշրջանառության տիրույթում, որոնք ենթակա են երկու երկրների միջեւ գործող տնտեսական համագործակցության միջկառավարական եւ միջխորհրդարանական հանձնաժողովների քննարկմանն ու վերանայմանը»,-ընդգծել է դեսպան Տողանյանը՝ նշելով հատկապես Հայաստանից Ռուսաստան ապրանքների եւ ծառայությունների արտահանման հարցում դեռեւս պահպանվող ֆինանսական եւ մաքսային որոշ սահմանափակումները, ՌԴ-ում աշխատող ՀՀ քաղաքացիների աշխատանքային միգրացիայի խնդիրները, ՌԴ տարածաշրջաններում Հայաստանի ապրանքատեսականու ներկայացվածության ոչ բավարար մակարդակը եւ մի շարք այլ հարցեր, որոնք համակարգման եւ լուծման կարիք ունեն:

Դեսպանի զեկույցը, հաշվետվությունից բացի, ներառել է նաեւ հայ-ռուսական առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման խթանմանն ուղղված առաջարկություններ:

Շահագրգիռ նախարարությունների եւ գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ կայացած հանդիպմանը հանգամանորեն քննարկվել են դեսպան Տողանյանի զեկույցում ներկայացված ցուցանիշները, խնդիրներն ու առաջարկությունները: Հանրապետության Նախագահի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ:



loading...