Մոտ 165 մլն դրամի խողովակ են գողացել. հարուցվել է քրգործ


Մոտ 165 մլն դրամի խողովակ են գողացել. հարուցվել է քրգործ
Հունիս 20 14:16 2017

Մոտ 165 մլն դրամի խողովակի գողության փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Այս առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«ՀՀ նախագահի 2005թ. հոկտեմբերի 28-ի «Պետության գույքային շահերի պաշտպանության ոլորտում արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների մասին» թիվ ՆՀ-189-Ն հրամանագրով սահմանված կարգով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ ֆինանսների նախարարությունից, ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունից, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեից ստացված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2011-2014թթ. պետության եւ պետության մասնակցությամբ ընկերության սեփականություն հանդիսացող 50.090 մետր ընդհանուր երկարությամբ d=820-920 մմ տրամագծով Կամենկա-Վանաձոր խողովակաշարի գույքագրումների, ի պահ հանձնման եւ օտարման գործընթացների արդյունքում արձանագրվել է ընդհանուր 6.819 մետր՝ 164.678.850 դրամ արժեքով խողովակաշարի պակասորդ, իսկ ՀՀ ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից միջոցներ չեն ձեռնարկվել պետական սեփականություն հանդիսացող խողովակաշարի պակասորդի հանգամանքները պարզելու եւ պետությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ:

Նկատի ունենալով, որ արձանագրված փաստերն առերեւույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի եւ 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին»: