Ժամանակն է, որ պետությունն ուղևորափոխադրումների ոլորտում որոշակի կարգավորումներ մտցնի


Ժամանակն է, որ պետությունն ուղևորափոխադրումների ոլորտում որոշակի կարգավորումներ մտցնի
Հունիս 20 10:25 2017

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրերս վթարի է ենթարկվել Հայաստանից Ռուսաստան ուղևորափոխադրում իրականացնող հերթական միկրոավտոբուսը: Այս անգամ վթարը եղել է Տուլայի շրջանում. Հայաստանից ուղևորված միկրոավտոբուսը բախվել է «Կամազ» բեռնատար մեքենային:

Միջադեպի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր չեն եղել, իսկ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ տրանսպորտի նախարարության տրանսպորտի տեսչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանից պարզեց, որ ուղևորափոխադրումն իրականացվել է ոչ կանոնավոր, միկրոավտոբուսը պատկանել է ընդամենը օրեր առաջ հիմնադրված «Քոչար տուր» ՍՊԸ-ին: Սակայն նախարարության պաշտոնյային ՍՊԸ-ից հայտնել են, որ ուղևորափոխադրումն իրենք չեն իրականացրել, այլ մեքենան ժամանակավոր օգտագործման են տվել ուրիշին: Նկատենք, որ նման միջադեպերը սկսել են պարբերական բնույթ կրել: Բանն այն է, որ վարորդներն ավելի քան 20-24 ժամ ճանապարհ են անցնում (շատ հաճախ` անքուն), և վթարները նրանց հոգնածության, երբեմն նաև մեքենայի անսարքության հետևանքով են լինում: Ու ժամանակն է, որ պետությունն այս ոլորտում որոշակի կարգավորումներ մտցնի, «հետվիրահատական» միջամտություններն այլեւս անիմաստ են»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: