Ի՞նչ նպատակ ունեն Ադրբեջանի զորավարժությունները


Ի՞նչ նպատակ ունեն Ադրբեջանի զորավարժությունները
Հունիս 19 23:21 2017

Այսօրվա զորավարժությունները հոգեբանական և ցուցադրական նպատակ ունեն: Այս մասին այսօր՝ հունիսի 19-ին, Armday.am-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով Նախիջևանում իրականացվող Ադրբեջանի այսօրվա լայնամաշտաբ զորավարժություններին:

Քաղաքագետը նկատել է՝ Ադրբեջանը զորավարժությունները Թուրքիայի հետ մի քանի օր առաջ է սկսել, իսկ այսօր Նախիջևանում էր իրականացնում զորավարժություններ:

«Այս հարցում շատ հետաքրքիր էր Ռուսաստանի դիրքորոշումը։1921թվականին ստորագրված Կարսի և Մոսկվայի պայմանագրերում կա հատուկ կետ, որի համաձայն՝ Նախիջևանի անվտանգության համար պատասխանատու են Խորհրդային Ռուսաստանը և Քեմալական Թուրքիան, այսօր՝ էրդողանյան Թուրքիան և Ռուսաստանի Դաշնությունը։ Հիմա ինձ շատ հետաքրքրում է թուրք-ադրբեջանական զորավարժությունները, որը տեղի ունեցավ Նախիջևանում, արդյո՞ք Մոսկվայում տեղյակ են և Մոսկվան, որպես Նախիջևանի ինքնավարության անվտանգությունն ապահովող երկիր, կողմ է որպեսզի այդպիսի զորավարժություններ տեղի ունենան»,- ասաց Գագիկ Համբարյանը:

Նա նաև նկատեց, որ զորավարժությունները, որոնք տեղի են ունենում, Հայաստանի մայրաքաղաքից ընդամենը 40կմ հեռավորության վրա են։

«Սա շատ մեծ մտածելու տեղիք է տալիս, որովհետև ես համոզված եմ, որ պաշտոնական Մոսկվան շատ լավ տեղեկացված է եղել։ Ըստ Կարսի պայմանագրի, եթե որևէ երկիր որևիցե քայլ ձեռնարկի Նախիջևանում, ապա այդ մասին պետք է տեղյակ լինեն և՛ Ռուսաստանում, և՛ Թուրքիայում։ Ինչ վերաբերվում է այսօրվա զորավարժություններին, ապա պետք է նշեմ, որ այսօրվա զորավարժությունները հոգեբանական և ցուցադրական նպատակներ ունեն։ Հոգեբանականն այն է, որ դրանով նրանք ճնշում են գործադրում մեզ վրա, հատուկ Մինսկի խմբի, հայկական կողմերի վրա, իսկ ցուցադրականը՝ սրանով իրենք ցույց են տալիս իրենց ուժը, արդեն Մինսկի խմբի նախագահ երկրներին, որոնց ներկայացուցիչներն այսօր եղել են Բաքվում և բանակցել են Ադրբեջանի բարձրագույն իշխանությունների հետ»,- պնդեց քաղաքագետը:

Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 19-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրություն էր տարածել, որ Ադրբեջանում սկսվել են լայնամաշտաբ զորվարժություններ, որին մասնակցելու է 23 հազար զինծառայող, զորավարժությունները կանցկացվեն հունիսի 19-ից 24-ը:



loading...