Գործընթացը պետք է պարտադիր լինի բոլորի համար, առանց որի անհնարին է բիզնեսով զբաղվելը. ՊԵԿ նախագահ


Գործընթացը պետք է պարտադիր լինի բոլորի համար, առանց որի անհնարին է բիզնեսով զբաղվելը. ՊԵԿ նախագահ
Հունիս 19 17:34 2017

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի նախագահությամբ կայացել է եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի հերթական նիստը, որտեղ ներկայացվել է հարկային եւ մաքսային բարեփոխումների երկրորդ փուլի միջոցառումների ծրագիրը:

«Մեզ հաջողվել է իրականացնել դեռեւս 6-7 ամիս առաջ ներկայացված եւ ձեր հավանությանն արժանացած բարեփոխումների առաջին փուլը: Իսկ երկրորդ փուլով առաջարկվող միջոցառումներից երեքն արդեն կատարվել են»,-տեղեկացրել է ՊԵԿ նախագահը:

ՊԵԿ-ից հայտնում են, որ քննարկվել են օրինապահ հարկ վճարողների տնտեսական խթանների ընդլայնման, էլեկտրոնային կառավարման համակարգում ՓՄՁ սուբյեկտների շրջանառության հարկի հաշվարկման ինքնաշխատ համակարգի ներդրման, վարչական պատասխանատվության ինստիտուտի վերանայման հարցերը: Ակտիվ քննարկումներ են ծավալվել նաեւ ՀԴՄ շահագործման կանոնների պատասխանատվության բարձրացման շուրջ: Մասնավորապես, առաջարկվել է կամայական դրսեւորումների բացառման նպատակով ներդնել հսկիչ գնումների գործընթացի տեսանկարահանման մեխանիզմ: Կոմիտեի ղեկավարը վստահեցրել է, որ հետեւողական է լինելու ՀԴՄ կտրոնների տրամադրման հարցում. «Գործընթացը պետք է պարտադիր լինի բոլորի համար, առանց որի անհնարին է բիզնեսով զբաղվելը»:

Ստվերային շրջանառության կրճատման ու կանխարգելման միջոցառումների շրջանակում նախատեսվում է գործարկել «ստվերի անձնագիրը», ԵՏՄ երկրներից ներմուծումների նկատմամբ պատշաճ հսկողություն իրականացնելու նպատակով կիրառել «հարկային պահեստ» ընթացակարգը: Մաքսային սահմանով ապրանքների տեղաշարժն ավելի դյուրին դարձնելու նպատակով էլ առաջարկվում է մյուս ուղիներին զուգահեռ կիրառել չորրորդ՝ «կապույտ ուղի» ընթացակարգը: Կոմիտեի ղեկավարը կարեւորել է խորհրդի ակտիվ մասնակցությունը բարեփոխումների գործընթացին եւ ընդգծել, որ այս փուլում եւս համատեղ ջանքերով պետք է հասնել էական արդյունքի: Իրենց հերթին դրական գնահատելով առաջին փուլի արդյունքները, հասարակական կառույցների ներկայացուցիչները համոզմունք են հայտնել, որ երկրորդ փուլից նույնպես էական սպասումներ ունեն:



loading...